«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթ

2014-10-01

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ, Կրթության ու գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանի արտոնությամբ և աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) նախաձեռնել է  «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը:
Սույն ծրագրի նպատակն է ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Գրային ճշմարտություններին՝ Ավետարանական առակների բեմականացման միջոցով: ԿԳ նախարարի համապատասխան հրահանգով միջոցառումները կազմակերպվելու և անցկացվելու են ՀՀ հանրակրթական դպրոցներում: Ծրագրի շրջանակներում մարզային կրթության վարչությունների հետ համագործակցաբար բոլոր դպրոցներին որպես օժանդակ նյութ տրամադրվելու են գրքույկներ, որոնցում ներառված են Ավետարանական 12 առակներ, վերջիններիս համառոտ մեկնությունները, օգտակար հղումներն ու աղբյուրները, միջոցառման պլան-ծրագիրն ու գնահատման չափորոշիչները:
Մարզային կրթության վարչությունների հետ համագործակցաբար ՔԴԿ տարածաշրջանային աշխատակիցները  ամբողջացնելու են  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած դպրոցների ցուցակները (այն տարածաշրջաններում, ուր ՔԴԿ-ն չունի աշխատակիցներ, վերոնշյալ աշխատանքները կիրականացվեն  թեմի աշխատակիցների ներգրավմամբ): Մրցույթն անցկացվելու է չորս փուլերով:
Տարածաշրջանային փուլ. Հայտագրումից և փոխհամաձայնեցված ժամանակացույցի կազմությունից հետո, ըստ ՀՀ տարածարջանների՝ կազմավորվելու են տարածաշրջանային շրջիկ հանձնախմբեր՝ անդամակցությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայաստանյան Թեմերի հոգևոր հովիվների և աշխատակիցների, տեղերի կրթության բաժինների աշխատակիցների, ինչպես նաև Թեմի և ՔԴԿ կողմից լիազորված անձանց (թատերագետ, արվեստաբան և այլն), ովքեր  այցելելով դպրոցներ և դիտելով միջոցառումները, տարածաշրջաններից ընտրելու են լավագույն երեք միջոցառումները:
Ընտրական փուլ. Տարածաշրջանի կենտրոնական որևէ դահլիճում կազմակերպվելու է ընտրված երեք դպրոցների ելույթը՝ վերջնական ընտրության համար հրավիրված տարածաշրջանի բոլոր դպրոցների ՀԵՊ ուսուցիչների, մրցույթին մասնակցած բոլոր դպրոցների տնօրենների և կազմակերպիչների լսարանի առջև: Միջոցառումները դիտելուց հետո բոլոր հրավիրյալները գաղտնի քվեարկությամբ ընտրելու են լավագույն միջոցառումը՝ ընդհանուր արդյունքի 50 տոկոսի ապահովման համար, իսկ մնացյալ 50 տոկոսը գումարվելու է տարածաշրջանային շրջիկ հանձնախմբի զուգահեռ որոշմամբ: Արդյունքում մրցույթի մարզային փուլ է անցնելու քվեարկությամբ լավագույնը ճանաչված դպրոցը: Նույն օրը գնահատանքի գրեր են ստանալու մրցույթին մասնակցած բոլոր դպրոցները՝ նվեր ստանալով գրականություն և աշակերտների թվով աղոթագրքեր, հատուկ պատվոգրերի են արժանանալու տարածաշրջանային եզրափակիչ ընտրությանը մասնակցած և մարզային փուլ չանցած երկու դպրոցները: 
Մարզային փուլում մարզային հանձնաժողովների կողմից ընտրվելու են լավագույնները (մեկական) յուրաքանչյուր մարզից: Այն մարզին, որտեղ դպրոցների թվի հարաբերակցությամբ արձանագրված կլինի մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, հնարավորություն կընձեռվի հանրապետական փուլ անցկացնել երկու մրցութային միջոցառում: Նույն օրը պատվոգրերով և գրականությամբ պարգևատրվելու են մարզային փուլը չհաղթահարած դպրոցները, մասնակից բոլոր աշակերտներին նվիրվելու են աղոթագրքեր:
Հանրապետական փուլ. Ստանալով կայացած մրցույթների վերջնական արդյունքները` ՔԴԿ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպելու է  եռօրյա մրցույթ-փառատոն, ուր ներկայացվելու են միջոցառումները (օրական` 3-4ը) և  հանրապետական հանձնաժողովի կողմից ընտրվելու են լավագույնները հետևյալ անվանակարգերում` «Լավագույն սցենար», «Լավագույն երաժշտական ձևավորում», «Լավագույն բեմադրություն» և որպես գլխավոր պարգև`«Հայրապետական մրցանակ»` համապատասխան դրամական պարգևավճարներով: Հանրապետական հանձնաժողովի կողմից սահմանված անվանակարգերի համաձայն՝ պատվոգրերով և մրցանակներով պարգևատրվելու են նաև հանրապետական փուլին մասնակցած մյուս դպրոցները:
Մրցանակաբաշխությունը իրականանալու է հաջորդիվ` հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում:



«Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի անցկացման

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Ժամանակահատված    Ծրագրային փուլ

Հոկտեմբերի 20-25        Հայտագրում, այցելությունների ժամանակացույցի կազմում
Նոյեմբերի 3-14          Տարածաշրջանային փուլ
Նոյեմբերի 19-21        Ընտրական փուլ
Նոյեմբերի  26-28       Մարզային փուլ
Դեկտեմբերի 3-5        Հանրապետական փուլ
Դեկտեմբերի 9           Մրցանակաբաշխություն

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։