Արմեն Աշոտյանը մասնակցել է խաչքարի օծման արարողությանը

2014-09-24

Սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,
Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը` Վիլնյուս), Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառման նախաձեռնողներին հայտնելով իր երախտագիտությունը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորեց պատմական ճշմարտության բարձրաձայնումը և դատապարտումը՝ որպես մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիր: «Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Իր հերթին Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը նշեց, որ Աննա Հեդվիգ Բյուլի առաքելությունը հայ և էստոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն է՝ խարսխված մարդասիրության և հոգևոր բարձրագույն արժեքների վրա: Նա հույս հայտնեց, որ այս հուշարձանի բացումը նոր առիթ կհանդիսանա, որպեսզի աշխարհի տարբեր մասերում ապրող հայերը այցելեն Հաապսալու քաղաք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։