Գիտելիքը քարոզող ևս մեկ ծրագիր
2014-09-20
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի, «Արմենիա Թի-Վի» ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանի և Տաշիր բարեգործական հիմնադրամը` ի դեմս տնօրեն Աշոտ Վարոսյանի, այսօր կնքել են համագործակցության հուշագիր` «Ամենախելացին» հեռուստանախագծի իրականացման վերաբերյալ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել է նախագծի մեկնարկը` ընդգծելով, որ մեկտեղելով մասնավոր և պետական կառույցների միասնական ջանքերը` ազդարարվում է կրթության և գիտելիքի արժևորման ևս մեկ նախաձեռնություն:
«Այս նախագծով հերթական անգամ փորձ է արվում սեր սերմանել մեր երեխաների մեջ դեպի գիտելիքը, հնարավորություն տալ նրանց` լավագույնս դրսևորվելու և հաղթելու: Ես հույս ունեմ, որ այս նախագիծը կվերածվի ինտելեկտուալ շարժման: Մենք կարիք ունենք արմատավորել մի կարևոր կարծրատիպ, որ երեխաների ապագան բացառապես իրենց ձեռքերում է, այս պարագայում` իրենց գլուխներում, և գիտելիքն է այն ճանապարհը, որ բացելու է ցանկացած դուռ և բերելու է անձնական բարեկեցություն, ուժեղ հասարակություն և պետություն: Այս նախագծով հնարավորություն է տրվում դասական կրթական գործընթացներին զուգահեռ կիրառել ինտերակտիվ տեխնոլոգիաներ, որը սովորելու պրոցեսն էլ ավելի հետարքրիր է դարձնում: Համոզված եմ, որ այս նախագծով հայրենի հեռուստաեթերում կունենանք գիտելիքը քարոզող ևս մեկ ծրագիր, որը վարակիչ է լինելու, ճառագելու է աննկարագրելի ուժ, որ հաղորդումից հետո յուրաքանչյուր երեխա ցանկություն ունենա բացել գիրքը և որևէ հետաքրքիր բան կարդալ»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Արմենիա հեռուսաընկերությանը և Տաշիր ընկերությանը` համագործակցության համար` միաժամանակ վստահեցնելով, որր Կրթության և գիտության նախարարությունը կանի հնարավորը` նպաստելու տաղանդավոր երեխաների հայտնաբերմանը և խրախուսմանը:
Նշենք, որ համաձայն հուշագրի` նախարարությունը և Տաշիր հիմնադրամը աջակցում են «Արմենիա Թի-Վի»-ի կողմից պատրաստվող և նկարահանվող «Ամենախելացին» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանի պատրաստմանը, նկարահանմանը և հեռարձակմանը: Նախարարությունը կաջակցի հեռուստանախագծի նախապատրաստմանը, մասնակիցների հավաքագրմանը և հաղթողներին մրցանակների տրամադրմանը: