ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում

2014-09-08

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Եվրոպական միության Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ուսումնասիրությամբ զբաղվող՝PL4SD փորձագետների խմբի հետ:  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով  նրանց՝ ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը: Կ. Հարությունյանը նշել է, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացրել է մի շարք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև մշակել է սոցիալական աջակցության փաթեթ՝  բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների համար:
Կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս պետության կողմից ամրագրված  սոցիալական խմբերին օգտվել ուսման վարձի զեղչերից: Ուսման վարձի  զեղչեր են նախատեսված անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողների,  բազմազավակ ընտանիքների, սոցիալական կարգավիճակ ունեցող և հաշմանդամ ուսանողների համար: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար բարձրագույն կրթությունն անվճար է, պետությունը մրցութային կարգով փոխհատուցում է նաև բանակից զորացրվածների կրթությունը:
Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ բուհերը պարտավորվել են ուսանողական վարձերից ստացված եկամուտների առնվազն 7 տոկոսը հատկացնել սոցիալապես անապահով ուսանողների վարձերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցմանը:Կան նաև հասարակական և մասնավոր բնույթի բարեգործական  տարբեր նախաձեռնություններ, որոնք իրականցանում են ուսման վարձի փոխհատուցման և կրթաթոշակային ծրագրեր՝ ուսանողների համար: Նշվել է, որ այժմ քննարկվում է ուսման վարձի վերին շեմ սահմանելու մասին  օրինագիծը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև «Լույս» հիմնադրամի գործունեությանը, ուսման վարձերի սահմանման ընդհանուր սկզբունքներին  և մի շարք այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։