ՄԿՈՒ համակարգում նույնպես տնօրենների հավաստագրում կիրականացվի
2014-09-05
«Այդ փոփոխությունը ենթադրում է, որ դիմորդների հոսքը դեպի ուսումնարան և քոլեջ ավելանալու է: 12-ամյա պարտադիր հանրակրթությունը նշանակում է, որ հանրակրթական բաղադրիչը մտնում է նաև քոլեջ և ուսումնարան. Այսինքն՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները պարտադիր կերպով պետք է շարունակեն կրթույունը կամ ուսումնարանում և քոլեջում, կամ էլ ավագ դպրոցում: Դպրոցի պարագայում պետությունն ապահովում է բացառապես անվճար 12-ամյա կրթություն, իսկ ՄԿՈՒ համակարգում այդ կրթույթունը կլինի անվճար՝ ըստ պետության սահմանած մասնագիտությունների գերակայության: Սրանով պետությունը լուծում է ոչ միայն կրթական, այլև սոցիալական խնդիր. հոգ է տանում իր քաղաքացու կրթական ավելի բարձր ցենզի համար՝ նկատի ունենալով, որ 12-ամյա կրթական ցենզով քաղաքացին ավելի մրցունակ կլինի աշխատաշուկայում, քան 9-ամյա կրթական ցենզ ունեցողը».- նշել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ այժմ տարեկան մոտ 4 հազար պատանիներ ու աղջիկներ հիմնական դպրոցն ավարտելուց հետո դուրս են մնում կրթությունից, ինչը պետությունը համարում է մտահոգիչ իրավիճակ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ նախարարը նշել է, որ շենքային պայմանների բարելավման հարցը շարունակում է մնալ արդիական. «Միջազգային ծրագրերը, որոնց շրջանակում վերջին տարիներին ՄԿՈՒ ոլորտը վերականգնվել է, շարունակվելու են»,- տեղեկացրել է նախարարը և հավելել, որ Հայաստանում երբեք այդքան մեծ թվով քոլեջներ ու ուսումնարաններ չեն վերազինվել ու վերանորոգվել, որքան վերջին հինգ տարիներին: Ա. Աշոտյանի խոսքոով, քանի որ քոլեջներն ու ուսումնարանները հիմնականում քաղաքներում են տեղակայված, նախատեսվում է դրանց կից ստեղծել հանրակացարաններ՝ գյուղաբնակ ուսանողների համար: Մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես տարածաշրջանային նշանակության քոլեջներին: Խորհրադակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարն անդրադառնալով կարգապահական հարցերին՝ նշել է, որ սովորողների հաճախելիության, կադրային քաղաքականության և հատկապես ֆինանսական կառավարման նկատմամբ խիստ վերահսկողություն է լինելու: Նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման ծրագրերին, ընդունելության ժամկետների երկարաձգմանը և այլ խնդիրների: