Բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է. Ա. Աշոտյան
2014-08-31
Օգոստոսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով մեկնել է սահմանամերձ Տավուշի մարզ: Նախարարը Իջևանում մասնակցել է հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը, այնուհետև ուղևորվել է Մովսես գյուղ, սահմանամերձ գյուղի դպրոցին և գյուղապետարանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից նվիրել համակարգիչներ:
Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած ավանդական օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել է նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Վերջինը, շնորհավորելով մանկավարժներին Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել է արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի: Այնուհետև Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ. Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտում 2013-2014թ.թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում հատուկ կարևորել է սահմանամերձ համայնքներում կրթության կազմակերպման արդյունավետությունը՝ շեշտելով, որ բանակից հետո դպրոցը երկրորդ կարևոր պաշտպանական գիծն է. «Այս ամռանը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանական առաջին գիծը՝ հայոց բանակի զինվորը, փայլուն դրսևորեց իրեն: Դպրոցը, լինելով երկրորդ կարևոր գիծը, չի կարող համարժեք չարձագանքել»,- մանկավարժների հետ հանդիպմանը հայտարարել է նախարարը՝ նշելով, որ ռազմահայրենասիրական կրթությունը պետությունը դիտարկում է գերակա ուղղւթյուն:- ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԿՄ-ի հետ ՀՀ ԿԳՆ-ն այդ ուղղությամբ նոր հայեցակարգ է մշակվում՝ մի շատ հավակնոտ ծրագիր, որը, լինելով ժամանակակից, միաժամանակ կլինի նաև ազգային»,- ասել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով կրթության ոլորտի նորամուծություններին ու նորարարություններին՝ նախարարը շեշտել է հատկապես սահմանապահ համայնքների համար նախատեսված ծրագրերը, որոնք այժմ մշակվում են: Նախարարի խոսքով` ամռանը գնդակոծության ենթարկված համայնքների դպրոցների և պետական բուհերում սովորող ուսանողների համար նախատեսված են արտոնություններ. «Արդեն դիմել ենք բուհերի ռեկտորներին՝ առաջարկելով պետական բուհեր ընդունված առաջին կուրսեցիների համար սահմանել ուսման վարձի առնվազն 30% զեղչ: Թեև օրենքը թույլ չի տալիս առաջին կուրսում այդ զեղչը կիրառել, բայց, այնուհանդերձ, մենք առաջին գծում գտնվող համայնքների ուսանողների համար այդպիսի բացառություն անելու ենք: Իսկ երկրորդ և բարձր կուրսերի ուսանողները կարող են օգտվել համակարգում գոյություն ունեցող սոցիալական այլ ծրագրերից »,- ասել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ այժմ հստակեցվում է համապատասխան համայնքների ցանկը: Բացի այդ, Ա. Աշոտյանի տեղեկացմամբ, տվյալ համայնքների ուսանողներն իրենց վարձավճարները իրավունք կունենան վճարելու մաս-մաս՝ ամսական կտրվածքով: ԿԳ նախարարը նշել է նաև, որ պետությունը սահմանամերձ մարզի համար հեռահար կրթական քաղաքականություն է մշակում: Այդ համատեքստւմ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում նպատակային ընդունելության համակարգի ընդլայնում է նախատեսվում. «Սահմանամերձ համայնքների երիտասարդները հնարավորություն կունենան Իջևանի բարձրագույն ուսումնական հաստատությունում ստանալ անվճար կրթություն՝ պայմանով, որ հետո վերադառնան իրենց համայնքները»,- ընդգծել է նախարարը: Ինչ վերաբերում է դպրոցներին, նախարարը նշել է, որ այժմ քննարկվում է դասագրքերի վարձավճարները սահմանամերձ համայնքների համար 30-50%-ով իջեցնելու հարցը: Խորհրդակցության ընթացքում նախարար Ա. Աշոտյանը պատասխանել է նաև Տավուշի մարզի մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են կրթական շարունակվող բարեփոխումներին, հանրակրթական դպրոցների նոր դասագրքերին, տարակարգերի շնորհմանը, սահմանամերձ գյուղերի դպրոցների ֆինանսավորմանը և այլ հարցերի: :Խորհրդակցության ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը կրթության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել մի շաք դպրոցների տնօրենների և ուսուցիչների: Խորհրդակցությունից հետո կրթության և գիտության նախարարը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ, ուղևորվել է սահմանապահ Մովսես՝գյուղ: Մովսեսի դպրոցում նախարարը հանդիպում է ունեցել մանկավարժների և աշակերտների հետ, լսել նրանց հուզող խնդիրների մասին: Նախարարը պատրաստակամություն է հայտնել Մովսեսի դպրոցին հատկացնել 2 նոր լաբորատորիա և աջակցել գրադարանի համալրման հարցում: Տնօրեն Ռ. Ադամյանը նախարարին ներկայացրել է, թե գնդակոծություններ լինելու դեպքում ինչպես է պատրաստվում կազմակերպել աշխատանքը: Տնօրենի խսքով` ամռանը գնդակոծություններից մեկի ժամանակ վնասվել է նաև դպրոցի պատը, սակայն արտակարգ պայմանները երբեք դպրոցի զանգը չեն լռեցրել. 162-ամյա դպրոցն այսօր ունի 132 աշակերտ, անգամ ներառական կրթություն է կազմակերպվում: Ամառային միջադեպերից հետո 12 երեխաներ Մովսեսից տեղափոխվել են շրջկենտրեն Բերդի և հարևան գյուղերի դպրոցներ: Այնուհետև լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ կրկնակի ուշադիր է լինելու Մովսեսի և նմանատիպ այլ համայնքների խնդիրների նկատմամբ՝ ոչ միայն հանրապետության ներսում, այլև միջազգային հարթականերում. «Կրթությունը դիտարկելով իբրև մարդու գերակա իրավունքներից մեկը՝ ցանկացած քայլ, որը կխոչընդոտի այդ իրավունքի իրականացմանը, որը թելադրված կլինի քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներով, պետք է դատապարտվի նաև եվրոպական կրթական հանրության կողմից»,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ հետևողականորեն հավաքագրելու է ցանկացած տեղեկատվություն, որը կվերաբերի ապագայում որևէ դպրոցի գնդակոծություններին: «Այդ տեղեկատվությունը կարևոր կլինի ոչ միայն Հայաստանի համար. լինելով եվրոպական կրթական տարածքում և սերտ կապեր ունենալով բազմաթիվ երկրների միջազգային կառույցների հետ՝ երեխաների պաշտպանության, նրանց կրթության իրավունքի պաշտպանության հարցը նաև միջազգայնացման կարիք ունի, և մենք այստեղ գործադրելու ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի այդ պարսավելի քաղաքականությունը դատապարտվի նաև մեր միջազգային գործընկերների կողմից»,- հավելել է Ա. Աշոտյանը: