«Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական ստեղծագործական մրցույթ

2014-08-29

ՀՀ մշակույթի նախարարությունը  Գյումրու «ՄԷԿ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է  «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական վրանային ճամբար» ծրագիրը, որի նպատակն է խթանել պատանիների ստեղծագործական դրսևորումները, ինչպես նաև նպաստել էպոսի հանրահռչակմանն ու նրա արժեքային համակարգի հենքի վրա՝ երեխաների և երիտասարդների շրջանում էսթետիկական ճաշակի ձևավորմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական ստեղծագործական մրցույթ հետևյալ ուղղություններով.
1.Լավագույն գրական ստեղծագործություն.
ա) լավագույն արձակ. էսսե՝ «Մեր արմատը մեր ապագան է» խորագրով,
բ) լավագույն չափածո, որը կարտահայտի էպոսն ամբողջությամբ կամ նվիրված կլինի որևէ ճյուղի հերոսին, իրադարձությանը:
2.Երաժշտական ստեղծագործության լավագույն կատարում.
ա) լավագույն երաժշտություն. էպոսի, վիպերգությունների, հավատալիքների հետ կապված ժողովրդական երգերի մեղեդիների կամ թեմայով ստեղծված հեղինակային ստեղծագործությունների կատարում, հնարավոր է նաև թեմայով սեփական ստեղծագործության կատարում,
բ) լավագույն երգ. թեմայով ստեղծված երգի կատարում, ներկայացման ձևաչափը՝  համակարգչային  ձևավորում, մինուսով կամ ակապելա:
3.Լավագույն կերպարվեստի ստեղծագործություն.
ա) լավագույն գեղանկարչական աշխատանք,
բ) լավագույն քանդակագործական աշխատանք:
Պետք է ներկայացվի երեքից չորս նկարչական աշխատանք՝ կատարված A3 ձևաչափի թղթի վրա, երկուական քանդակ՝ չափերը՝ ըստ մասնակիցների հայեցողության՝ կատարված ոչ փափուկ նյութերից՝ կավ, գիպս կամ քար, եթե կան այդպիսիք, կամ դեկորատիվ-կիրառական նյութերից՝  խառը տեխնիկայով:
4.Լավագույն անիմացիոն ստեղծագործություն.
ա) ձեռքով նկարած լավագույն անիմացիա, նկարների շարք կամ կոմիքսային շարք,
բ) համակարգչային լավագույն անիմացիա, ցանկացած բարդության և համակարգչային ծրագրով կատարված մեկից  չորս րոպե տևողությամբ երկու աշխատանք:
Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հատուկ այս մրցույթի համար արված աշխատանքներ:
Յուրաքանչյուր մրցութային անվանակարգում կարող է մասնակցել ՀՀ  յուրաքանչյուր մարզից երկուական մասնակից՝ հանրակրթական, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների 14-16 տարեկան աշակերտներից, ովքեր ընտրվել են մրցույթի մարզային փուլերի արդյունքում: Մասնակիցները նախքան հանրապետական մրցույթի անցկացումը պետք է ունենան լրացված հայտագիր, ստեղծագործությունները ներկայացնող թղթապանակ և տեսանյութեր, որոնք կտրամադրվեն մրցութային հանձնաժողովին:
5.Մրցույթի ամփոփիչ փուլն անցկացվելու է Գյումրիում, որտեղ կկայանա վրանային ստեղծագործական հավաք,  և արդյունքում կկազմակերպվի եզրափակիչ փառատոնը: Եզրափակիչ փուլի մասնակիցները երկու գիշեր և երեք օր անցկացնելու են Քանդակագործության ազգային թանգարան-պարկի պուրակներից մեկում:
Ծրագրի իրականացման ժամկետներն են օգոստոս-սեպտեմբեր ամիսները:
Մանրամասների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ Երանուհի Մարգարյանին, հեռ.՝ 523903, էլ. հասցեն՝ ermargaryan@gmail.com:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։