Օգոստոսյան խորհրդակցություն Շիրակի մարզում

2014-08-29

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը օգոստոսի 28-ին Գյումրու <Տիրամայր Հայաստան> կենտրոնում ներկա են գտնվել  ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական  դպրոցների տնօրեննրի ու մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
Ողջունելով  հերթական նոր ուսումնական տարվա մեկնարկը՝  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, աշխատանքային հաջողություններ և ստեղծագործ մոտեցում է մաղթել մանկավարժներին, միաժամանակ հիշեցնելով, որ դպրոցի տնօրենները մարզպետի հրամանով են աշխատանքի նշանակվում, սակայն անհասկանալի կերպով, տնօրենները պաշտոն ստանալուց հետո  դպրոցներում առկա խնդիրներով մարզպետի դուռը չեն թակում, մինչդեռ  դպրոցներում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ կան:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը ներկայացրել է  2013-14 ուստարում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը.  նախորդ ուսումնական տարում մարզում դպրոց է հաճախել մոտ 24724 աշակերտ, այդ թվում առաջին դասարան 3039 աշակերտ: Նոր ուստարում  ակնկալվում է, որ Շիրակի դպրոցները կունենան 3417 առաջին դասարանցի: Ժողովրդագրական իրավիճակը լուրջ խնդիր է հարուցում կրթության համար. մարզում մեծ թիվ են կազմում թերբեռնված գյուղական դպրոցները:  Իր ելույթում, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է  համակարգային  խնդիրների, նշելով, որ Շիրակի մարզի  դպրոցներում կատարված աշխատանքներից հատկապես կարևոր են նախակրթարանների բացումը: Ա. Աշոտյանի խոսքով մարզն այս  առումով առաջին տեղում է հանրապետությունում : Խորհրադակցությունից հետո պատասխանելով  ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝  նախարար Ա. Աշոտյանը հայտարարել է, որ Գյումրիում ավագ դպրեցների փակում չի նախատեսվում. « Խոսքը չի գնում դպրոցներ փակելու մասին: Մենք հնարավորինս զերծ ենք մնում այս քաղաքականությունից և դպրոցի  փակման վերաբերյալ որոշում միայն ծայրահեղ դեպքերում է կայացվում: Ավագ դպրոցների պարագայում խոսքը գնում է ցանցի, կարգավիճակի վերանայման մասին: Այսօր Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում ավագ դպրոցների, վարժարանների, ուսումնարանների, քոլեջների թիվը  ավելի շատ է, քան այդ տարիքային խմբի աշակերտների քանակով պայմանավորված օպտիմալ պահանջարկը, արդյունքում  դպրոցները չեն լցվում, իսկ դպրոցներ չլցվել նշանակում է ցածր ծանրաբեռնվածությամբ աշխատող մանկավարժներ, ցածր որակ, կրթության կազմակերպման համար լրացուցիչ խոչընդոտներ: Այժմ խոսքը գնում է Գյումրի քաղաքում դպրոցների կարգավիճակի հնարավոր վերանայման մասին»,- նշեց Արմեն Աշոտյանը: Նշենք, որ Շիրակի  մարզի 169 դպրոցից 14-ը ավագ են,  4 –ը տարրական, 45-ը հիմնական, 100-ը միջնակարգ, 2-ը հատուկ, մեկը՝ երեկոյան,  մարզում գործում է նաև 3 վարժարան: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։