Նախարար Ա. Աշոտյանը ամփոփել է վերանշանակման 100 օրը
2014-08-25
Իբրև նորություն հանրապետությունում այս տարի կգործի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջին փուլը, որը կմեկնարկի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հանձն է առել սկսել մի ծրագիր, որով տարրական դասարանների աշակերտները կապահովվեն միանվագ դպրոցական սնունդով՝ ելնելով տարիքային խմբի կենսաֆիզիոլագիական առանձնահատկություններից: «Ծրագիրը ոչ միայն կրթական է, այլև առողջապահական, սոցիալական, և, ինչու ոչ, նաև գյուղատնտեսական խնդիր է լուծվում, որովհետև, եթե տեղական արտադրողների սննդամթերքը որակյալ ճանաչվի, ապա այն կմատակարարվի դպրոցներին»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2007թ. փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` 2008թ. հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Բացի այդ հանրապետության մի շարք դպրոցներում այս տարի կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան: Նախարարը նշել է, որ առաջիկայում կհաստատվեն այն 10 դպրոցները, որտեղ առարկան կներդրվի փորձնական եղանակով: «Ծրագիրը պետք է մոտավորապես 1-1,5 տարի փորձարկում անցնի: 1,5-2 տարվա ընթացքում կորոշենք, թե որ դասարանից ենք այդ առարկան դարձնելու պարտադիր, քանի տարի է տևելու ուսուցումը և ինչպես է այն կազմակերպվելու»: Ըստ նախարարի՝ նոր առարկան փորձնական եղանակով կդասավանդվի դպրոցների հինգերորդ դասարանի աշակերտներին: «Ազգային երգ ու պար»-ի շնորհիվ աճող սերունդը կստանա հայրենասիրական դաստիարակություն: Առարկայի փորձարկումը դպրոցներում կսկսվի հենց այս սեպտեմբերից: Կստեղծվեն համապատասխան մեթոդաբանական ձեռնարկներ, տեսասկավառակներ, որոնք կօգնեն դասերի կազմակերպմանը»,- ասել է Ա. Աշոտյանը:
Այս տարի նաև մի շարք նոր դասագրքեր են մտնելու դպրոցներ, որոնք մեկ տարվա փրրձաշրջան կանցնեն հանրապետության շուրջ 90 դպրոցներում. «Մենք դպրոցներից ստանում ենք դիտողություններ և առաջարկություններ, լրամշակում դրանք և նոր միայն ներկայացնում հիմնական տպագրության: Թեպետ մեր փորձը ցույց է տալիս, որ բովանդակային առաջարկությունների հարցում մեր դպրոցները լրջորեն թերանում են: Անցյալ տարի, օրինակ, դպրոցներից ստացված առաջարկների միայն 30 տոկոսն էր բովանդակային, իսկ 70 տոկոսը ձևական բնույթի էր»:
Վերջին երեք ամսում մոտ 7000 ուսուցիչ ստացել է տարակարգ, շարունակվել է նաև տնօրենների հավաստագրման գործընթացը: Այս տարվանից կհաշվարկվեն նաև դպրոցների վարկանիշները ու հետագայում կիրականացվեն ամեն տարի: Նախարարը նաև նշել է, որ ՀԲ վարկային նոր ծրագրով 17-20 ավագ դպրոցներ հիմնովին կվերանորոգվեն ու կվերազինվեն ժամանակակից պայմաններին համահունչ. «Այդ դպրոցներում կներդրվի նոր՝ պետական չափորոշիչից մի քիչ տարբերվող բովանդակություն, որը բազմազանություն կապահովի կրթական շուկայում: Դպրոցների նախնական ընտրությունը արդեն կատարված է, որպես պարտադիր պահանջ այդպիսի դպրոցով ապահովված կլինի առնվազն յուրաքանչյուր մարզ»,-իբրև անոնս հայտարարել է նախարար Ա. Աշոտյանը: Նա նաև փաստել է, որ մեր կրթական ծրագրերը ավելի բարդ են, քան շատ երկրներում. «Ասվածի ապացույցն, օրինակ շատ ակնառու է դառնում, երբ մեր դպրոցականները տեղափոխվում են այլ երկրներ, այդ թվում նաև ՌԴ, որտեղ նրանք լեզվական խնդիր չունենալու դեպքում կարողանում են ավելի բարձր գնահատականներ ստանալ, քան Հայաստանում»: Կրթական բարեփոխումների համակարգում, ըստ նախարարի, ուշադրություն կդարձվի նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ ռազմահայրենասիրական դաստիարակության նոր հայեցակարգ է մշակում, որի աշխատանքներն առաջիկայում կամփոփվեն: Ինչպես Ա.Աշոտյանն է նշել, հատկապես վերջին սահմանային իրադարձությունները ցույց տվեցին, որ ռազմահայրենասիրական կրթության բաղադրիչի ուժեղացումը անհրաժեշտություն է:
Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացմանը, Հայաստանի մասնավոր բուհերի գործունեությանը և մի շարք այլ խնդիրների