Օգոստոսյան խորհրադակցությունների մեկնարկ

2014-08-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:
Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում  իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով     կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը,   Կ. Հարությունյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:                                                                   
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության  նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի  Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքների կազմակերպումը հանձնարարվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղերի մասնագետներին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։