Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են

2014-07-21

Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների «Ֆիզիկա» առարկայի թիմը ղեկավարել են «Այբ» ավագ դպրոցի  ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում «Կենգուրու առանց սահմանների» միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանը և ԵՊՀ դասախոս Բիլոր Կուրղինյանը:
«Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Գևորգ Մարտիրոսյանը, Վարդգես Մամբրեյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, Արսեն Վասիլյանը / ՀՊՃՀ վարժարան/, բրոնզե մեդալի` Աշոտ Մովսիսյանը և  Հրանտ Թոփչյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/:
«Ինֆորմատիկա» առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 13-20-ը, Թայվանում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ինֆորմատիկա» առարկայի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և նույն ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը: «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալի են արժանացել Էդուարդ Գրիգորյանը /«Քվանտ» վարժարան/ և Մուշեղ Շահինյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց/, բրոնզե մեդալի` Տիգրան Գալստյանը /Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ  դպրոց և Սպարիկ Հայրապետյանը /Երևանի «Այբ» ավագ դպրոց/:
Ընդհանուր առմամբ, այս պահին Հայաստանի հավաքականն արդեն ունի 15 մեդալ:
Առջևում քիմիայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաներն են:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։