Առաջատար ղեկավարներ՝ պետական և մասնավոր հատվածի համար

2014-07-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Հայաստանում  «Սիանս Պո Արմենիա»-ի գործունեությունը` կարևորելով վերջինիս գիտակրթական և հետազոտական, ինչպես նաև քաղաքական և տնտեսական  ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում:
Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով, որ պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումներին:
«Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա` Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին: Վերջինիս խոսքով` «Սիանս Պո Արմենիան» ՀՀ հանրային ծառայողներին և ուսանողներին առաջարկում է համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր և լրացուցիչ, շարունակական կրթություն` ընդգծելով, որ ընկերությունն իր ծառայությունը կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին` դառնալով նաև տարածաշրջանում միջազգային մակարդակի կառույց: Քրիստիան Դյուվալը նշել է նաև, որ Էքս-ան-Պրովանսի «Սիանս Պո» քաղաքագիտության ինստիտուտի առաքելությունը ի սկզբանե եղել է առաջատար ղեկավարների պատրաստումը թեÕ› Ֆրանսիայի պետական համակարգի, թեÕ› մասնավոր հատվածի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների,  դիպլոմների փոխճանաչման, ուսանողների շարժունության, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու, ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման և այլ հարցեր:
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի դեսպանատանն իրենց ավարտական վկայականներն են  ստացել դասընթացի առաջին 7 շրջանավարտները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։