Սփյուռքահայ ուսուցիչների առաքելությունը կրկնակի ծանր է. Ա. Աշոտյան
2014-07-15
Ուսուցիչները, որոնց մեծ մասն առաջին անգամ էր հայրենիքում, նշել են, որ վերապատրաստումները շատ օգտակար են` և մասնագիտական, և հայրենաճանաչության տեսանկյունից: Ուսուցիչները հիմնականում առաջարկել են արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում, որոշ առարկաների գծով ավելացնել դասաժամերի քանակը, ինչպես նաև կարևորել անվճար դասագրքերի առաքման հարցը: Ի պատասխան` նախարարը նշել է, որ արևմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում այս պահին իրատեսական չէ. գուցե այն ներառվի որոշ ավագ դպրոցների հումանիտար հոսքերում: Բացի այդ, ՀՀ բուհերից մեկում կիրականացվի մագիստրոսական ծրագիր` արևմտահայերենով:
Նշենք, որ ծրագրին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսուցիչները կհանդիպեն ՀՀ լավագույն մասնագետներին՝ դասախոսների ԵՊՀ-ից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և Կրթության ազգային ինստիտուտից: Մեկ ամիս տևողությամբ ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից՝ համապատասխան ծրագրով ըստ հետևյալ խմբերի՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, դպրոցների կառավարում, լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն), տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում: Լսարանային պարապմունքներից բացի, ուսուցիչների համար նախատեսված են նաև այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ և թանգարաններ: Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՆ և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր: