Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները
2014-07-09
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով, 15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում: Առաջին փուլում ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:
Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը:
Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:
Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել: «Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են դրական միավորներ: Երկրորդ՝ պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն է տրվելու արվեստի և մարզային բուհերին»,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:
Նախարարն հանձնարարել է նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն: