Միասնական քննությունները հատեցին եզրագիծը
2014-07-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնականոն, և քննասենյակում որևէ խնդիր չի եղել Ա. Աշոտյանը զրուցել է նաև քննական կենտրոնի մոտ հավաքված դիմորդների ծնողների հետ, լսել նրանց առաջարկությունները՝ թեստերի, դպրոցական դասագրքերի և այլ խնդիրների վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ այսօր տեղի կունենա պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ կներկայացվեն ընդունելություն քննությունների նախնական արդյունքները, կքննարկվեն մի շարք հարցեր, մասնավորապես, ինչպես տնօրինել լրացուցիչ և պետպատվերի պահուստային տեղերը: «Այս հարցում մեր մոտեցումները հստակ են` աջակցել դրական ստացած բոլոր դիմորդներին` ընդունվել բուհեր, երկրորդ` շարունակել պետական աջակցություն ցուցաբերել այն բուհերին, որտեղ շուկայական հետաքրքրությունը փոքր է, բայց պետության համար այն հանդիսանում է գերակա ուղղություն: Սա հիմնականում վերաբերում է արվեստի բուհերին: Եվ վերջապես, տեղերը բաշխել այնպես, որ բուհերն իրար չխանգարեն` ուսանողների հոսքի տեղաբաշխման և այլ հարցերով»,-նշել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով բարձր մրցույթ արձանագրած մասնգիտություններին` նախարարը նշել է, որ նախնական տվյալներով` այս տարի ևս բարձր մրցութային շեմ է արձանագրվել ԵՊՀ իրավաբանական և միջազգային հարաբերություններ ֆակուլտետներում, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանում: «ՄԵնք արդեն ստացել ենք ԵՊԲՀ-ի ռեկտորի գրությունը` բուհին հատկացնել 300 հավելյալ տեղ: Այսօրվա նիստում, իհարկե, համապատասխան որոշում կընդունվի, գուցե ոչ այդ քանակով, բայց կարծում եմ, որոշակի տեղեր կավելացվեն վերոնշյալ բուհին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս արձանագրվել է դիմորդների մեծ հոսք. այս տարի ևս մենք ավելացրել ենք պետպատվերի տեղերը, բայց պահանջարկը գնալով մեծանում է: Սա այն ոլորտն է, որտեղ բեկումնային և հսկայական շարժ է նկատվել` պետականի և մասնավորի համագործակցության տեսակետից: Սա այն լավ օրինակն է, որ պետք է տարածել այլ ոլորտների վրա, որովհետև, ցավոք, ոչ բոլոր ոլորտներում է, որ իրականացվում է մարդկային կապիտալի արժևորում»,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը, ամփոփելով քննությունների արդյունքները, իր գոհունակությունն է հայտնել, որ այս տարի ևս քննություններն անցել են հանգիստ մթնոլորտում. հասարակությունն այլևս չի ապրում ընդունելության քննություններով, գործընթացն էլ ավելի է հեշտացել, առաջադրանքները դարձել են ավելի կանխատեսելի և որակյալ: Ըստ Ա. Աշոտյանի` ներբուհական քննությունները ևս անցել են հանգիստ մթնոլորտում: Նրա խոսքով` մի փոքր խնդիր է առաջացել ՀՃՇՀ-ի մի խումբ դիմորդների հետ կապված. վերջիններս նախարարին էին ուղղել իրենց բողոքը` «Գծագրություն» առարկայի քննության հետ կապված: Նախարարության աշխատակիցները հանդիպել են դիմորդներին, լսել նրանց դժգոհությունները և խոստացել լուծումներ գտնել, որի արդյունքում դիմորդների կողմից նախօրեին գրություն է ստացվել` հետևյալ բովանդակությամբ. «Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները»: