Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` հայ-ֆրանսիական գիտաժողովի առաջարկ

2014-07-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարության միջազգային բաժնի հետազոտությունների պատասխանատու Ժան Լուկ Կլեմենը: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ այս հանդիպումը վերջերս Հայաստան այցելած Ֆրանսիայի Նախագահի և Ֆրանսիայի կրթության նախարարի հետ հանդիպումների տրամաբանական շարունակությունն է: 
Վերջինիս խոսքով` այցելությունները իմաստավորվում են, երբ տեղի են ունենում դրանց հաջորդող շարունակական գործընթացներ և հետևողական մոտեցում` նախանշված ձեռնարկներին: Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու երկրների համագործակցության ոլորտում ուրվագծվել է աշխատանքների ընդհանուր շրջանակը, այն է` երիտասարդ գիտական կադրերի պատրաստում և հետազոտությունների անցկացում արտերկրում:  Նախարարը կոչ է արել  նոր պայմաններ ստեղծել վերջիններիս համար` հաշվի առնելով երկկողմանի և միջազգային ծրագրերը, մասնավորապես, եվրոպական գիտական նոր նախագիծը` «Հորիզոն-2020»: Բացի այդ, Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել հայ-ֆրանսիական գիտաժողով` ներգրավելով բուհերի ներկայացուցիչներին: «Ֆրանսիան այն քաղաքակիրթ երկրներից է, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել 100-ամյակի միջոցառումներին»,-այդ կապակցությամբ նշել է նախարարը:
Դեսպանի խոսքով` գիտահետազոտական ոլորտում երկու երկրների միջև առկա է լայն համագործակցություն, մասնավորապես, երկրաբանության, աստղաֆիզիկայի, բժշկագիտության և հնէաբանության ոլորտներում: Նա նշել է որդեգրած քաղաքականության երեք բաղադրիչ` ամրապնդել առկա համագործակցությունը, լրացնել բացերը և ընդհանուր նոր եզրեր գտնել` գիտահետազոտական ոլորտում:
Ժան Լուկ Կլեմենն իր հերթին նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարգավիճակ ունի Ֆրանսիայի կրթության նախարարության համար, մանավանդ, որ Ֆրանսիան Հայաստանի գործընկերների թվում` գիտաահետազոտական ոլորտում զբաղեցնում է չորրորդ տեղը` ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո: Ըստ նրա`  անհրաժեշտ է սերտացնել այդ փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների,  թեզերի պաշտպանության համատեղ համակարգի, դիպլոմների փոխճանաչման, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու և այլ հարցեր:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը հրավիրել է Ֆրանսիայի կրթության նախարարին` այցելել Հայաստան ինչպես երկկողմանի այցի, այնպես էլ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։