Համաժողովի առաջին գործնական արդյունքը. հուշագիր` ԼՂՀ և Մերձդնեստրի Հանրապետության ԿԳ նախարարությունների միջև

2014-06-28

Ստեփանակերտում շարունակվող «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովի ընթացքում ԼՂՀ կրթության և գիտության նախարարության` ի դեմս նախարար Սլավա Ասրյանի և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության կրթության նախարարության` ի դեմս նախարար Սվետլանա Ֆադեևայի, կնքվել է փոխըմբռնման և համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:
Երկու նախարարներն էլ իրենց խոսքում նշել են, որ համաժողովն արդեն իսկ տվել է գործնական արդյունք` ի դեմս կնքված համաձայնագրի, որը հնարավորություն կընձեռի չճանաչված պետություններին` կրթական հիմնախնդիրները միասնական լսելի դարձնել միջազգային հարթակներում: Նրանք կոչ են արել մյուս չճանաչված պետություններին ևս` հետևել իրենց օրինակին` փոխադարձ կապերի և համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման ուղղությամբ:
Համաձայն փաստաթղթի` կողմերը անհրաժեշտ ջանքեր կգործադրեն կրթության և գիտության ոլորտում երկկողմ համագործակցությանը գործնական բնոյւթ հաղորդելու, կրթության և գիտական աստիճանների և կոչումներր մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության վերաբերյալ առանձին համաձայնագրերի մշակման ուղղությամբ: Կողմերը նաև կնպաստեն երկու պետությունների ուսումնական հաստատությունների գիտահետազոտական կենտրոնների միջև գործընկերային կապերի զարգացման, ինչպես նաև ուսանողական և ակադեմիական շարժի, կրթության ոլորտի աշխատողների միջև փորձի փոխանակման հարցում:
Համաժողովի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ևս մեկ անգամ Արցախի ղեկավարության կողմից շնորհակալություն է հայտնել համաժողովի բոլոր մասնակիցներին` արդյունավետ աշխատանքի համար: Նա շեշտել է, որ Արցախի կառավարության համար կրթության և գիտության ոլորտն ունի ռազմավարական և առանցքային նշանակություն, որի ապացույցը Ստեփանակերտում նման բարձր մակադակի համաժողովի անցկացումն է:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։