Կրթության ոլորտի ներկայացուցիչները բացառում են խտրականությունը. Ստեփանակերտում շարունակվում է համաժողովը
2014-06-28
ԼՀՂ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որի ընթացքում զեկուցումներով են հանդես եկել ինչպես միջազգային փորձագետները, այնպես էլ ՀՀ և Արցախի կրթության ոլորտի պատասխանատուները: Մասնավորապես, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանն իր զեկույցում նշել է,
որ հետկոնֆլիկտային պետություններում, անկախ առանձնահատկություններից և դժվարութուններից, առկա են լայն հնարավորություններ` եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու համար: Զեկուցողը որպես օրինակ նշել է Կոսովոյի դեպքը, երբ Կոսովոյի և ՄԵծ Բրիտանիայի համալսարանների միջև դեռևս 1999 թվականից ակտիվ համագործակցություն է ծավալվել: Մեծ Բրիտանիայի Էսսեքս համալսարանի ներկայացուցիչ Ռայներ Շուլցն իր զեկույցում նշել է, որ խտրականությունը տեղ չունի կրթությունում, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում` անկախ այն հանգամանքից, թե այդ խտրականության հիմքը որն է` էթնիկ պատկանելիությունը, քաղաքական խնդիրները, սառեցված կոնֆլիկտները, թե կրոնական տարբերությունները: ԱՄՆ Սթոնհիլ քոլեջը ներկայացնող Աննա Օհանյանն իր զեկույցում ընդգծել է, որ կրթությունը ունի նաև հակամարտությունները կանխարգելող առաքելություն` նպաստելով խաղաղության հարատևմանը, որը և ապացուցված է գիտականորեն: Ազգային փոքրամասնությունների հարցերով փորձագետ, Բասկոնիայի պետական համալսարանի պրոֆեսոր Ինիգո Ուրուտիան իր հերթին նշել է, որ որպես ներկայիս փուլի լուծում` միջհամալսարանական կապերի խթանումը կարող է հիմք հանդիսանալ վերջնական նպատակի իրականացման համար: Համապատասխան զեկույցերով հանդես են եկել նաև Ուկրաինայի «Կիև-Մոգիլյանսկի ակադեմիա» ազգային համալսարանի ներկայացուցիչ Աննա Խվորոստյանկինան և ԱյՓիԷսՍի Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը: Վերջինս ներկայացրել է Հայաստանի պետական բուհերի ուսանողության` Բոլոնյան գործընթացին մասնակցության ուսումնասիրության արդյունքները: Բոլոր զեկուցողները համակարծիք են եղել, որ Բոլոնիայի գործընթացի համատեքստում կրթության իրավունքի իրագործումը բացառում է խտրականության որևէ դրսևորում: Համաժողովի երկրորդ նիստում Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է «Բոլոնիայի գործընթաց: Մարտահրավերներ և հնարավորություններ» զեկույցը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը` «Բարձրագույն կրթության բարեփոխումները Լեռնային Ղարաբաղում» զեկույցը, իսկ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության կրթության նախարար Սվետլանա Ֆադեևան` «Բարձրագույն կրթության բարեփոխումները» զեկույցը: Վերջինս հիմնականում ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են չճանաչված պետության, մասնավորապես, Մերձդնեստրի բուհերի ուսանողները` փաստաթղթերի փոխչանաչման և կրթության հաջորդ աստիճանի անցնելու հետ կապված: