«Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

2014-06-27

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին, ժամը 930ին:

 

Համաժողովի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել կրթության, որպես մարդու հիմնարար ազատության և իրավունքի իրականացումը ինչպես միջազգայնորեն ճանաչված, այնպես էլ չճանաչված պետությունների քաղաքացիների համար: Քաղաքական խնդիրներն ու չկարգավորված կոնֆլիկտները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով սահմանված մարդու հիմնարար ազատությունների ապահովման համար, իսկ կրթության իրավունքն, այս համատեքստում, ունի առաջնային նշանակություն: Բոլոնիայի գործընթացը, լինելով պետությունների միջև կրթամշակութային հաղորդակցության և քաղաքակրթություններ կամրջող առաջավոր միջոցներից մեկը, պետք է նպաստի ազգերի և ժողովուրդների միավորմանը` իր հիմքում ունենալով  մարդու կրթության իրավունքի, մասնավորապես միջազգայնորեն ընդունված բոլոր հնարավորությունների հասանելիության գերակայություն: 
Միջազգային համաժողովի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ, մասնավորապես, չճանաչված և ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջև փոխհամագործակցության, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացման, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման և Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաև չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովին  կմասնակցեն միջազգային փորձագետներ, հետազոտողներ և ուսանողներ, այդ թվում` միջազգայնորեն չճանաչված պետություններից:
Համաժողովի ավարտին նախատեսվում է մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ Համաժողովի հռչակագրի ընդունում:
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։