«Dasaran.am»-ը եվրոպական կրթական հանրույթը ճանաչել է արժանի նախագիծ

2014-06-13

«Dasaran.am» կրթական ծրագիրը ՀՀ վարչապետի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ 2013թ. նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 23-ն իրականացրել է «Նոր սերնդի դպրոց-2014» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունն այսօր տեղի է ունեցել Երևանի թիվ 194 դպրոցում: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության մանկավարժական համակազմին` ընդգծելով, որ 2013-14 ուստարվա ընթացքում իրականացվել է մեծ ծավալի աշխատանք:
«Մենք սովոր ենք խոսել կրթական համակարգի խնդիրների մասին` հազվադեպ շնորհակալական խոսքեր ասելով: Այդ իսկ պատճառով նախ նախարարության անունից իմ երախտիքի խոսքերն եմ ուղղում բոլոր մանկավարժներին, վարչական և օժանդակ համակազմերին` այս  ուստարվա ընթացքում կատարված աշխատանքի համար: Այն բարդ տարի էր.  իսկ անկախության տարիների մեջ արդյոք եղել է գեթ մեկ տարի, որ հեշտ լինի կրթության համակարգի համար: Այսուհետ ևս հեշտ չի լինի, քանի որ հասարակական ակնկալիքները մեծ են, աշխատանքի ծավալը` ահռելի: Սակայն մենք պետք է չմոռանանք օրուգիշեր անտրտունջ աշխատող մեր մանկավարժներին»,-նշել է Ա. Սշոտյանը` անդրադառնալով նաև «Dasaran.am» կրթական նախագծին: «Ուրախ եմ, որ «Dasaran.am»-ը եվրոպական կրթական հանրույթը ճանաչել է արժանի նախագիծ` հնարավորություն տալով ներկայացնել սեփական կրթական արգասիքը ֆորումին, որին մասնակցելու են առաջատար կազմակերպություններ: «Dasaran.am»-ը միայն տեղեկատվական և  թվանշաններ մուտքագրելու համակարգ չէ, այն նաև լավ իմաստով սոցցանց է: Ցանկալի կլինի, որ մեր երեխաներն ավելի շատ օգտվեն հայրենական սոցցանցից, որը կունենա հայկականացման հնարավորություն` մեր մշակույթը և մեր հերոսներին խաղերի և մուլտֆիլմերի միջոցով ներկայացնելու»,-նշել է Ա. Աշոտյանը:
Նշենք, որ մրցույթի առաքելությունն է բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումը, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:
Մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցին միացած 1363 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը:
Մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխության արարողության ժամանակ 1-ին 65 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության, «Նուռ քարտ» կուտակային ծրագրի  կողմից  ստացել են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, գրադարաններ և պատվոգրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։