Մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

2014-06-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ կազմակերպվել էր  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական  քննությունը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, ինչպես նաև հանդիպել ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են շտեմարանների բովանդակությանը, կրկնուսույցների խնդրին, բուհերի վարձավճարներին, հաշմանդամություն ունեցող դիմորդներին և նպատակային ընդունելությանը:
Անդրադառնալով շտեմարանների խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընդունելության նախապատրաստական փուլում շատ քիչ դժգոհություններ են եղել` շտեմարաններում հնարավոր վրիպակների մասով. «Կարող ենք փաստել, որ վերջին տարիներին շտեմարանների բովանդակությունը լուրջ անհանգստություն չի հարուցում դիմորդների շրջանում, որովհետև քննական թեստերում համարյա բացակայում են երկիմաստ հարցադրումներով հարցերը: Եվ, առհասարակ, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդունելության քննությունները «սեզոնային տենդից» փոխակերպվել են ընթացիկ բնականոն իրավիճակների, որի նկատմամբ  հանրային ուշադրությունը, իհարկե, առկա է, բայց այն չի կրում ծայրահեղ բնույթ: Վստահաբար կարելի է ասել, որ մեր իրականացրած կրթական բարեփոխումներից ընդունելության քննություններն ամենաակնառուն են: Թեստային համակարգը, իր բոլոր թերություններով հանդերձ, ունի շատ առավելություններ. այստեղ նվազագույնի է հասցված մարդկային գործոնը և դրա հետ կապված` կոռուպցիոն ռիսկերը: Որպես բարեփոխումների շարունակություն` գուցե կարելի է մտածել թեստերի որակը բարձացնելու մասին»,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ եթե թեստերում լինեն բովանդակային վիճահարույց հարցեր, դրանք կանցեն  մասնագիտական լուրջ քննարկումներ և որոշում կկայացվի` հօգուտ դիմորդի: Նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ հունվարի 1-ից կգործի ուսանողների վարձավճարներին ուղղված աննախադեպ փաթեթը, որը լավ սովորող, սակայն անվճարունակ ուսանողների համար կբացի նոր հնարավորություններ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։