Միջազգային ծրագրերը, մասնավոր ներդրումները և գիտելիքի առևտրայնացնումը` բուհերի զարգացման նոր ուղղություններ. Ա. Աշոտյա

2014-05-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են բուհական մասնագիտությունների ցանկին, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բուհերում իրականացվող ծրագրերին, Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության  ստանձնման հետ կապված միջոցառումներին, բուհերի միջազգայնացմանը  և  աշխատանքային մի շարք այլ խնդիրների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ  բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը ներկայացված է կառավարության քննարկմանը և հաստատմանը, ուստի բուհերը առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում պետք է կազմեն և ներկայացնեն մասնագիտությունների ցանկին համապատասխան իրենց կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ:
Նախարարը, դիմելով ռեկտորներին, շեշտել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որով հստակ սահմանվում են ուսման վարձի զեղչերից օգտվող ուսանողների խմբերը: Հետևաբար բուհերը պարտավոր են  իրենց  բյուջեները պլանավորելիս նկատի ունենալ նաև այս խնդիրը և պատրաստ լինել օրենքի կիրարկմանը. «Ընդհանրապես ուսանողական զեղչերի համակարգը լուրջ ուղղություն ստացող ծրագիր է պետություն համար, և այստեղ երկու  կարևոր բաղադրիչ կա. առաջին՝ բուհերը պետք է անպայման ընտանեկան նպաստի «Փարոս» համակարգում ներգրավված ընտանիքների ուսանողների հաշվառումը ճշգրիտ կարողանան իրականացնել, քանի որ այս խմբի ուսանողների դեպքում   պետության կողմից վարձավճարների 50-100 տոկոս փոխհատուցում է նախատեսվում: Երկրորդն արդեն բուհական բյուջեների միջոցներով  արվող զեղչերն են: ՀարգելիÕ› ռեկտորներ, ես Ձեզ հորդորում եմ, 2015 թվականի բյուջեի պլանավորման հիմքում անպայման դրեք օրենքով սահմանված ուսանողական զեղչերի պահանջը»,- իր խոսքում շեշտել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ բուհերը պետք է ուսանողական զեղչերի մասին ստույգ վիճակագրություն ներկայկացնեն:
Հաջորդ խնդիրը, որը կարևորել է նախարարը՝  բուհերի միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընդլայնման անհրաժեշտությունն է: Ա. Աշոտյանի գնահատմամբ միջազգային ծրագրերում ընդգրկվելու և կապերն ընդլայնելու ուղղությամբ  Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող քայլերը   բավարար չեն. «Մեր բուհերը չեն կարողանում արդյունավետ օգտագործել միջազգային հարթակները գործընկերներ փնտրելու, գտնելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհական միջազգային կապերով զբաղվող ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, քանի որ Եվրոպական միության կրթական ծրագրերի մեջ  մենք կարող ենք ավելացնել մեր մասնակցությունը: Դա առաջին հերթին անհրաժեշտ է բուհերին, որովհետև միջազգային ծրագրերը նաև ֆինանսավորում են ենթադրում, ենթակառացվածքների զարգացման հնարավորություն են ընձեռում»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել, որ «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որին մասնակից է նաև Հայաստանը,  նոր հնարավորություններ է ընձեռում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:  Նախարարի խոսքով՝ անցել են այն ժամանակները, երբ բուհերն իրենց բյուջեների աճի հիմնական հեռանկարը  կարող էին պայմանավորել ուսման վարձավճարների բարձրացմամբ:
 Ներկայումս արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունները զարգացման նոր մոդելներով պետք է առաջնորդվեն՝ փոխելով կառավարման մշակույթը: «Ներկա պայմաններում  բուհերի զարգացման նոր ուղղություններ պետք է լինեն միջազգային ծրագրերը, մասնավոր  ոլորտի ներդրումները և գիտելիքի առևտրայնացումը, որոնք կարող են նոր մուտքեր  և զարգացում ապահովել: Ուսանողի գրպանի հաշվին բուհերի զարգացումն ապահովելն այսօր արդեն հեռանկարային չէ և մենք սա պետք է հասկանանք: Մենք չենք կարող թույլ տալ, որ ուսանողների վաձավճարներն անվերջ բարձրացվեն, ուսանողների թվի աճն էլ ժողովրդագրական իրավիճակով պայմանավորված մտահոգիչ է: Միջազգայնացման կարևոր բաղադրիչներից մեկն էլ օտարերկրյա ուսանողների ներգրավումն է Հայաստանի կրթական համակարգում, որի ուղղությամբ թեպետ որոշ քայլեր կատարվել են, սակայն  բավարար համարել չի կարելի»,- ասել է նախարար Ա. Աշոտյանը:
Օրակարգի մյուս կարևոր հարցը, որին անդրադարձել է նախարարը՝ բուհերի ֆինանսական կարգապահությանն ու կայունությանն  է վերաբերել: Նախարարն հանձնարարել է բուհերի ֆինանսական գործունեությունը և գնումների գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը և գնումների ընթացակարգերին համապատասխան:
Ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են նաև ուսանողների գնահատման համակարգում կատարված փոփոխություններին և Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության ստանձնման առնչվող հարցեր:
Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդին է ներկայացրել Երևանի պետական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։