Հայաստանի կրթական համակարգի բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը. Ա. Աշոտյան
2014-05-27
Հենրիետ Արհենսն իր հերթին նշել է, որ Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում առողջապահության միջազգային կազմակերպության դասակարգչի հիման վրա երեխաների կրթության կարիքների գնահատման համակարգի վերանայման հարցում: Նրա խոսքով` Տավուշի և Լոռու մարզերում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր` կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և և նրանց կրթության մեջ ներառելու նպատակով:
Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների հանձնաժողովի ամփոփիչ դիտարկումերի» զեկույցում տեղ գտած առաջարկներից մեկին, մասնավորապես, «վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը` դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնելով Հայաստանյաց եկեղեցու պատմության առարկայի պարտադիր դասավանդումը»: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ քաղաքականապես կոռեկտ չէ նման առաջարկով հանդես գալը. «Հայաստանի կրթական համակարգի բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը, ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, բարձր է գնահատում իր բոլոր միջազգային գործընկերներին և այն աջակցությունը, որ ցուցաբերում են մեր կրթական համակարգին: Սակայն կրթական քաղաքականությունը որոշում ենք մենք: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, և այս համատեքստում կարիք չկա որևէ փորձագիտական եզրակացության: Այս գործընթացն անկասելի է. այն բացարձակ կապ չունի խղճի ազատության դրսևորումների հետ և բացառապես կապված է մեր երկրի պատմության ինքնաճանաչության հետ»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների աղետների ռիսկերի նվազեցման պլանների կանոնակարգման, դպրոցների սեյսմակայունության գնահատման, ինչպես նաև բնապահպանական կրթության հարցերին: