Ընթերցող աշակերտը` օրվա հերոս
2014-05-26
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ` պետական և հասարակական կազմակերպությունների համագործակցության: «Սա իրապես հրաշալի է. բոլորը միավորվել են ընթերցանության շուրջ` հանուն երեխաների ապագայի: Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում և ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների և դպրոցների համար: Գիտելիքը հաղթող է մեր իրականության մեջ. դա է ապացուցում այս օլիմպիադան»-նշել է Հ. Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով «Անտարես» հրատարակչությանը` օլիմպիադայի կազմակերպման և անցկացման համար:
Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ, որոնցից էլ հանձնաժողովի կողմից ընտրվել են հաղթողները: «Ընթերցման» օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և «Անտարես» հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել են ևս հինգ նախարարություն, ինչպես նաև մի շարք մասնավոր կազմակերպություններ: