Վարչապետը դիպլոմներ և պարգևներ է հանձնել առարկայական օլիմպիադաների հաղթողներին
2014-05-22
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ուսուցիչներին՝ նվիրված ու հոգատար աշխատանքի համար և անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: «Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների և լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: Առարկայական 16 օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել է 1460 երեխա, որոնցից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը նաև տեղեկացրել է, որ օլիմպիադաների հաղթողներից կձևավորվեն միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային թիմերը:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին և կարևորել նաև ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձևավորումը: Դա, ինչպես նշել է վարչապետը, հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել և մաղթել նորանոր հաջողություններ: