«Միջազգային բակալավրիատը»` ազգային համակարգի բաղադրիչ

2014-05-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է`  մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված
պայմանավորվածությունների ընթացքի հետ հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:  «Միջազգային բակալավրիատի բրենդն ինքնին ենթադրում է կրթության բարձր որակ: Մեզ համար կարևոր է ներդնել այդ հաջողված փորձը մեր կրթական համակարգում, և որ այն դառնա մեր ազգային համակարգի բաղադրիչը»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ` կրթության որակի և ծրագրային խնդիրներ չկան: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարրական կրթության միջազգային բակալավրիատի ծրագրի` հայերենով ուսուցման հնարավորությանը, որը ըստ նախարարի, կարող է հանդիսանալ լավ մեկնարկ` ծրագրի համար: Խոսվել է նաև վերոնշյալ ծրագրերում մանկավարժական բուհերի  ներառման հնարավորության մասին: Նշենք, որ «Միջազգային բակալավրիատ» կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: ԿԳ նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը` «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։