Կրթության բնագավառում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է.Ա.Աշոտյան

2014-05-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել  ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին Հայաստանի աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման   ծրագրի ընթացքին նվիրված համաժողովին:  Բացման խոսքում, ողջունելով համաժողովի մասնակիցներին,  ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը՝ կրթության բարեփոխումների աջակցության, Հայաստանի դերը միջազգային կրթական ասպարեզում ամրապնդելու, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների հարցերում:
 «ԵՄ մասին տեղեկատվության սփռումը Հայաստանի ինչպես բարձրագույն, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատություններում թույլ կտա մեր երիտասարդությանը ծանոթանալ ԵՄ պատմությանը, կառուցվածքային, հիմնական գործառույթներին:Հայաստանը կարևորում է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրացման շարունակականությունը: Հետաքրքրությունը, որը ցուցաբերում են Հայաստանի ուսանողներն ու աշակերտները ԵՄ հանդեպ, վկայում է  այն մասին, որ կա մեծ շահագրգռվածություն, հատկապես երիտասարդ սերնդի մոտ՝ խորացնելու համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հատկապես եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում»,- դիմելով մասնակիցներին նշել է նախարարը:  Ա. Աշոտյանի խոսքով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման օրակարգում ներառված խնդիրներն ունեն երկու բաղադրիչ. առաջին՝ եվրոպական կրթական տարածքը Հայաստանի  համար առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ համագործակցության արդյունավետությունը չի նվազելու: «Չնայած տարատեսակ քննադատություններին՝ ԵՄ հետ համագործակցությունը ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ այս տարվանից սկսած Հայաստանը երկու կարևորագույն ծարգրի լիարժեք մասնակից դառնալու հնարավորություն է ստացել»,- նշել է նախարար Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը «Էրազմուս Մունդուս» և «Գիտական հորիզոն 2020» ծրագրերին է վերաբերում, որոնց անդամակցության ձևաչափը այժմ քննարկվում է ՀՀ կառավարությունում: Հայաստանը ընտրություն է կատարելու նշված ծրագրերի շահառու դառնալու և  լիարժեք անադամության միջև: Նախարարը նշել է, որ տարբերակների ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի կողմից  ֆինանսական  բաղադրիչի ներդրմամբ:  Ա. Աշոտյանը նաև շնորհակալություն  է հայտնել ԵՄ ներկայացուցիչներին՝  կրթական ծրագրերի իրականացման համար և հավելել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը կրթական ծրագրերում:
Համաժողովին ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, Հայաստանի ավագ դպրոցների, բուհերի և քոլեջների տնօրեններ, կրթության բնագավառի տեղական և օտրաեկրյա փորձագետներ:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա ընթացքին, դպրոցների ավարտական և միասնական քննություններին, Վերջին զանգի առաջիկա միջոցառմանը և այլ խնդիրների: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։