Քաղաքացիական կրթությունը` աշակերտների աչքերով

2014-05-13

Երևանի պետական բժշկական համալսարանի  «Հերացի» ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական կրթության բացատրական բառարանի» շնորհանդեսը, որին մասնակցել են  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /GTZ/ Հարավային Կովկասում իրավական  և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, բառարանի հեղինակները, ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուներ:   

Շնորհակալություն հայտնելով գերմանական ընկերությանը` բառարանը հանրապետության դպրոցներին նվիրաբերելու համար, նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ չնայած գիրքը նախատեսված է աշակերտների համար, սակայն չէր խանգարի, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները ևս այն ընթերցեն` հասկանալու, թե  ինչպես են ձևակերպվում համամարդկային արժեքները և ինչ մեթոդներով են դրանք ժողովրդավարական հասարակություններում պաշտպանվում: «Յուրաքանչյուր մարդ, ով դառնում է գիտելիքների և օրենքների գերի, պետք է կարողանա լիարժեք ըմբոշխնել իր ազատությունը: Մեր ապագան հայրենասեր քաղաքացիների մեջ է, որտեղ և հայրենասեր բառն է շատ կարևոր, և քաղաքացի հասկացության լիարժեք ընկալումը: Ցավոք, որոշակի նորաձևությանը տուրք տալով` այսօր քաղաքացիական, քաղաքացի,  հասարակական եզրույթները բավականին լայն կիրառում են գտնում, պատեհ և անպատեհ առիթներով օգտագործվում: Եթե օգտագործում ես մի գաղափար, որին լիարժեք չես տիրապետում, ապա դա այն վարկաբեկելու  ամենակարճ և հստակ ճանապարհն է: Մենք ուզում ենք, որ մեր դպրոցներում քաղաքացիական կրթության հիմքերը դրվեն ճիշտ, դպրոցը դաստիարակի քաղաքացիներ, ովքեր իրենց ազատությունների և իրավունքների ողջ փունջը ծառայեցնեն իրենց ընտանիքների, հասարակության, իրենց հայրենիքի կայացման գործում: Ցավոք, այսօր մեր հասարակությունում  քաղաքացիական ազատությունների ընկալումը խեղված է: Ազատության արժեքը դրսևորվում է բացառապես այն մարդկանց շնորհիվ, ովքեր այդ արժեքներով ապրում և արարում են»,-նշել է նախարարը` հավաստիացնելով, որ գրքերը կհասնեն բոլոր այն աշակերտներին, ովքեր հետաքրքրված են իրենց իրավունքներով և ազատություններով: «Համոզված եմ, որ այս բառարանը իր տեղը կզբաղեցնի դպրոցների գրադարաններում և ակտիվ կգործածվի»,-նշել է Ա. Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին և դպրոցին` ընդգծելով, որ վերոնշյալ միջոցառումը սկիզբն է համատեղ գործունեության, քանի որ մարդու իրավունքների կրթության հայեցակարգի շրջանակում առկա են նոր նախաձեռնություններ, որոնք «նպաստելու են մատաղ սերնդի մոտ քաղաքացիական մտածելակերպի լիարժեք ձևավորմանը»:
Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` ակտիվ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ բառարանը լինելու է աշակերտների սեղանի գիրքը: «Այս գիրքը լինելու է ձեր մշտական ուղեկիցը` ձեր գիտակցական կյանքում, ձեր քաղաքացիական դաստիարակության ողջ գործընթացում: Այս բառարանով կարող եմ հպարտանալ, որովհետև գրքի հեղինակներին հաջողվել է հանրամատչելի ներկայացնել այն բարդ, իրավական հասկացությունները, որոնք անհրաժեշտ են ցանկացած գիտակից մարդու համար, ով ցանկանում է լինել երկրի քաղաքացի: Դա նշանակում է` իմանալ և հարգել օրենքները` նախատեսելով երկրի զարգացման ժողովրդավարական, իրավական պետության ճանապարհ»,-նշել է նա` հույս հայտնելով, որ բառարանի շնորհիվ կմեծանա հետաքրքությունը իրավագիտության նկատմամբ` առանց որի, ըստ բանախոսի, չեն կարող լինել ակտիվ, երկրի շահերին ծառայող քաղաքացիներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։