Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը

2014-04-14

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման   հանդիսավոր արարողությանը: Ա. Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով մրցաշարի մասնակիցներին, բացման խոսքում նշել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական. «Այս խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձևերում: Շատ կարևոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաև մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն են մասնակցում: 
Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ: Ձեր օրինակը պետք է լավ իմաստով վարակիչ լինի, որպեսզի  առողջ ապրելակերպի մշակույթը դառնա նպատակ և կյանքի ավանդական կերպ բոլոր ուսանողների համար»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Ա. Աշոտյանը: Շեշտելով, որ Հայաստանի լավագույն ուսանող –մարզիկները տպավորիչ  արդյունքներ են դրսևորել նաև  միջազգային ասպարեզներում՝ Ա. Աշոտյանը  վստահեցրել է, որ  ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական:
Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։