Երկրների հարաբերությունը նախևառաջ ժողովուրդների բարեկամությունն է. Ա. Աշոտյան

2014-04-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում այսօր մասնակցել է Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացման հանդիսավոր  արարողությանը, որին ներկան են եղել նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ, բարեգործներ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ այս տարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է որպես Տ. Շևչենկոյի ծննդյան տարի, և Հայաստանն այն երկրներից է, որտեղ  գրողի հոբելյանին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում:
«Ուրախ եմ, որ թիվ 42 ավագ դպրոցն ուկրաինացի մեծ բանաստեղծ, հրապարակախոս, գործիչ Տարաս Շևչենկոյի անունով է: Նմանատիպ դպրոցի առկայությունը և այս միջոցառումը վկայությունն են այն բանի, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի սպառնում.  դրանք վեր են քաղաքական տարաբնույթ գնահատականներից ու մարտահրավերներից, որոնք պայմանավորված են միջազգային որոշակի գործընթացներով: Այդ հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն, և դրանք լոկ անցյալը չեն և ոչ էլ այսօրվա` մի քիչ մառախլապատ ներկան: Այդ հարաբերություններն իրականում ապագան են, որովհետև որքան էլ քաղաքական տարաբնույթ խնդիրներ առաջանան, միևնույն է` մեր ժողովուրդների միջև չի եղել, չկա և չի լինի որևէ խոչընդոտ, հակամարտություն, որը ստվեր կնետի հայ-ուկրաինական բարեկամության վրա: Երկրների հարաբերությունը նախևառաջ ժողովուրդների բարեկամությունն է և այն համամարդկային արժեքները, որ միավորում են մեր ժողովուրդներին: Ուկրաինացի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարեկեցության, և մաղթում եմ, որ դրան մեր եղբայրական ժողովուրդը հասնի օր առաջ»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի դեսպանությանը, բարերարներին` նշված նախագծում համատեղ աշխատանքի համար: Նախարարը նաև ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ և  ՀՀ կառավարության համաձայնությամբ Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցն ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների  ցանկում, որոնք այս տարի հիմնովին կվերանորոգվեն: «Խորհրդանշական է, որ  դպրոցի վերանորոգումը մենք սկսում ենք այս դահլիճից: Կարծում եմ, որ հիմնանորոգված դպրոցը շուտով իր դռները կբացի այն աշակերտների համար, ովքեր կորոշեն իրենց ուսումը ստանալ հենց այս դպրոցում և այդ ընթացքում ծանոթանալ նաև ուկրաինական մշակույթին` ի դեմս Տարաս Շևչենկոյի և ուկրաինացի այլ հայտնի գործիչների»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեպանատան ներկայացուցիչը: Դպրոցի աշակերտները փոքրիկ ներկայացմամբ անդրադարձել են Շևչենկոյի կյանքին և նրա ստեղծագործական ուղուն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։