Ա. Աշոտյան. «Նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները»

2014-03-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը,  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական լսարաններից մեկն է, որտեղ երբևէ կարելի է հանդիպում ունենալ: Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը` բարձրագույն կրթության ոլորտում և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը:
 Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: «Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք  գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ,  և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է  պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է:  Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով`  արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր  վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր  ծնողների նկատմամբ:  Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ:  Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք  ապահովում եք ձեր  բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ`  ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված,  և այն նաև իմիջային հարց է: Սակայն  սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել:  Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինքն, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն  Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ  ճանապարհ հարթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը,  համառության պարագայում անպայման բացելու են  հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ»,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել: 
Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի  ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ  նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: «Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են  ձևական բնույթ, որովհետև չունենք պատշաճ  կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ  բերեց միասնական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: «Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած  հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է  ներմուծել այդ  ստանդարտները` միջազգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը»,-նշել է նախարարը:
Ուսանողներին հետաքրքրել է նաև 12-ամյա կրթության անցումը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ այս պարագայում ևս կա միջազգային ստանդարտ: Նախարարը վստահեցրել է, որ կրթության ոլորտում կայացված որոշումնեը հիմնականում ճիշտ են եղել, որոշակի խոչընդոտներ առաջացել են` դրանց իրականացման գործընթացում:
Նախարարին հարցեր են ուղղվել նաև  բուհերում քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի,  ուսխորհուրդների քաղաքականացված լինելու, վերջին շրջանում բուհերից մեկում ուսանողների մասնակցությամբ արձանագրված տհաճ միջադեպի վերաբերյալ, որոնց կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր դիտարկումները և լուծման ուղիները: Ուսանողներին հետաքրքրել է նաև  նախարարի կարծիքը Ղրիմում կայացած հանրաքվեի և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջնորդվել է միմիայն իր ազգային շահերով: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև բուհերի խոշորացման, նախարարի պաշտոնի, ինչպես նաև արտագաղթի և դրանով պայմանավորված` որակյալ կադրերի արտահոսքի վտանգի հետ կապված:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։