Ուսուցիչն արժանի է և պետք է լինի մեր օրերի հերոսը

2014-03-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կանանց միամսյակի շրջանակում նախարար Արմեն Աշոտյանը մի խումբ կին մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով և նախարարության <<Ոսկե հուշամեդալով>>: Ի դեմս մանկավարժների՝ նախարարը շնորհավորել է կանանց, շեշտելով, որ Հայաստանի կրթության համակարգը կանացի դեմք ունի. մանկավարժների մեծ մասը կանայք են,   իսկ միջոցառումն ու պարգևները նպատակ ունեն շեշտելու, որ ուսուցչուհիները սիրված և գնահատված են պետության կողմից. <<Ուսուցիչն ավանադաբար սիրված է եղել շրջապատում, նա կարևոր կերպար է դիտվել համայնքում, գյուղում, քաղաքում:
Ժամանակը, թեև  որոշակի փոփոխություններ է մտցրել ընկալումների ու  հարաբերությունների մեջ, սակայն ես վստահ եմ՝ այսօր էլ ուսուցիչը մեր հասարակության ազդեցիկ դերակատարներից է: Ձեր աշխատանքի իրական գնահատականը տալու են ժամանակն ու Ձեր աշակերտները: Մենք ունենք շատ ուսուցիչներ, ովքեր իրավմամբ արժանի են և պետք է լինեն  մեր օրերի հերոսը >>,- նշել է նախարարը: Ա. Աշոտյանը շնորահավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր մանկավարժներին՝ նվիրական աշխատանքի համար՝ շեշտելով, որ ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում, առավել ևս այսօր,  ծանր ու պատասխանատու  է . <<Ես շնորհակալ եմ, որ Դուք սերունդներին կրթելու ճանապարհն անցնում եք փառքով և հավատով առ այն, որ ձեր աշխատանքի լավագույն գնահատականն այն սերունդներն են, ում Դուք ճանապարհել եք կյանք: Երբեք չեմ կիսել այն մոտեցումը, թե նոր սերունդն այնքան էլ լավը չէ. նոր սերունդը այլ է, փոխված է, բայց նա համեմատության մեջ երբեք չի զիջում իր նախորդներին: Այս ճշմարտությունը ոչ ոք, ավելի լավ, քան Դուք, վստահ եմ,  չի պատկերեցնում>>,- դիմելով ներկաներին ասել է նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարը մանկավարժներին հանձնել է ՀՀ ԿԳՆ պարգևները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։