Արմեն Աշոտյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը

2014-03-26

ՀՀ Ազգային Ժողովում քննարկվել է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Երկար տարիներ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը եղել է խորթ եղբայր հանրակրթության և բարձրագույն կրթության կողքին և ուսումնարաններին ու քոլեջներին առնչվող հարցերը ստվերվել են հանրակրթության և բուհական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների կողքին»,-նշել է նախարարը`

ընդգծելով, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է այն ուսումնական հաստատություններին, որոնք մատակարարում են մասնագիտական կրթություն, բայց գործում են բուհերում և օրենսդրական կարգավորման տակ չեն ընկնում: Մյուս նպատակն է օրենսդրական բարեփոխումների արդյունքում ստեղծել համապատասխան իրավական կարգավորման դաշտ, որը քոլեջներում հնարավորություն կտա ստանալ ներառական կրթություն: Արմեն Աշոտյանը շեշտել է նաև ուսումնական հաստատությունների տնօրենների սերտիֆիկացման գործընթացում գոյություն ունեցող խնդիրները: Ըստ նախարարի` օրենսդրական բարեփոխումներն ուղղված են լինելու նաև նրան, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն դիմորդների համար: Մասնավորապես, այժմ քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն միանգամից ընդունվել բուհ և անգամ երկրորդ կուրս նստել: «Չափազանցված է երկրորդ կուրս նստելու իրավունքը, այն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, անհավասարություն, քանի որ մասնագիտական կրթությունն այն կրթությունն է, որով երիտասարդ կադրեր ենք մատակարարում աշխատաշուկային: Իսկ եթե երիտասարդը ցանկություն ունի կրթությունը շարունակել բուհեում, ապա միանշանակ է, որ ընտրությունը պիտի լինի  ավագ դպրոցը»,-նշել է Ա. Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգաավոր Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց. թե «տեխնիկումների ճակատագիրն իՎնչ պիտի լինի, շրջանավարտներից քանիՎսն են ընդունվել բուհ և քանիՎսն են իրենց մասնագիտությամբ աշխատում: ԻՎնչ կրթություն են տալիս տեխնիկումները»: Հարցին ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշել է. «Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  շրջանավարտների շուրջ 75 տոկոսը ընդունվում է  աշխատանքի, որոնց մեկ երրորդն իր մասնագիտությամբ է  աշխատում: Իհարկե, շատ լավ կլինի, որ ամեն ինչ պլանավորենք, բայց կա անձի ազատություն` ընտրելու իր մասնագիտությունը: Պետությունը կարող է խրախուսել այս կամ այն անձին այս կամ այն կրթությունը ստանալ: Բայց մենք չենք կարող փոխել այն մարդկանց մտադրությունը, որոնք հարյուրներով ու հազարներով ուզում են դառնալ իրավաբան կամ տնտեսագետ: Այսօր ունենք գյուղակադեմիայի դիմորդների պակաս` չնայած այնտեղ տարկետման իրավունք կա և այլն: Ցավոք, այսօրվա հոգեբանության մեջ կաղապարված է այն մոտեցումը, որ կրթությունը միայն բարձրագույնն է»,-նշել է նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։