ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ - 2014
2014-03-21
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2014 թվականի հուլիսի 14-ից 19-ը կազմակերպում է դպրոցականների համահայկական օլիմպիադա` ֆիզիկա, մաթեմատիկա և Հայաստանի աշխարհագրություն առարկաներից:
Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել Սփյուռքի հնարավորինս մեծ թվով հայ երիտասարդներին ազգային կառույցների շուրջ, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդներին Սփյուռքի համար իրականացվող ծրագրերում՝ աջակցելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, խրախուսելով բնագիտական առարկաների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը, օժանդակելով առողջ մրցակցության պայմաններում երիտասարդների գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստելով առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթները անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18 տարեկան: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների /այդ թվում` միօրյա/ սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր ֆիզիկայից, մաթեմատիկայից և Հայաստանի աշխարհագրությունից: Մասնակիցները կարող են հայտագրվել և դրսևորել իրենց գիտելիքները կաՌմ վերը նշված որևէ առարկայի, կաՌմ բոլոր առարկաների շրջանակում:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքներն օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այլ լեզուների պարագայում` առաջադրանքների թարգմանությունն իրականացվում է կրթօջախների/համայնքների կողմից:
Օլիմպիադան անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավորÖ‰ Հաղթող են ճանաչվելու երկու փուլերում առավելագույն միավորները վաստակած մասնակիցները: Բնագիտական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի համապատասխանաբար` 3, 6 և 9 դիպլոմներ և մրցանակներ: Տրվելու են նաև շնորհակալագրեր և պատվոգրերÖ‰
Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախների ակտիվ մասնակցության համար:
Հնարավորության դեպքում, ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/ ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Պատվիրակությունը /խումբը/ պետք է ունենա ղեկավար և մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող/ներ/` մինչև 10 պատանու համար 1 ուղեկցող համամասնությամբ: Պատվիրակության /խմբի/ ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները և ՀՀ կրթության և գիտության նախարարություն փոխանցեն մինչև 2014 թվականի հունիսի 14-ը ներառյալ: Իսկ մինչև հուլիսի 4-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:
Ղեկավար(ներ)ը իրականացնում է(են) սաների նախապատրաստումը օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար: Ղեկավարը պետք է տիրապետի հայերենին:
Օլիմպիադայի անցկացման կարգի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև մասնակցության հայտաձևը կտեղադրվեն նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am կայքէջում:
Հավելյալ հարցերով կարող եք դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com, info@edu.am