«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար

2014-03-20

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղ, որին ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ կրթությա և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին` վարչապետը կարևորել է նման մրցաշարերի անցկացումը: «Նման մրցաշարերը հասարակության մեջ ձևավորում են այնպիսի միտումներ, որոնք ծառայելու են ինտելեկտուալ կարողությունների ձևավորմանն ու տարածմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը մյուս պետական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների թիմերին ևս հրավիրել է մասնակցել այս մրցաշարին:
Այս տարի մրցաշարին մասնակցել են պետական 22 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։