Ա. Աշոտյան. «Գիտությամբ կարելի է զբաղվել ոչ միայն առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում»

2014-03-21

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում այսօր տեղի է ունեցել  «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի  հաղթողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով երիտասարդ գիտնականներին, նշել է, որ վերջիններիս գիտական գործունեության համար պետությունն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի` հաշվի առնելով նրանց ակադեմիական և գիտական աշխատանքի որակը:
 Անդրադառնալով մրցույթների արդյունքներին` նախարարը ներկայացրել է մի քանի նկատառում: Նախ, ըստ Ա. Աշոտյանի, ՀՀ-ում գործող միայն 7 բուհի ներկայացուցչի է հաջողվել ստանալ մրցանակ: Նախարարի խոսքով` հաշվի առնելով, որ մեր երկրում գործում է 22 պետական և միջպետական բուհ, վերոնշյալ թիվը բավարար ցուցանիշ չէ, և մնացած բուհերը պետք է առավել ուշադրություն դարձնեն իրենց գիտական գործունեությանը: «Երկրորդ, հաշվի առնելով մեր երկրի բուհերում և գիտական հաստատություններում սովորող ասպիրանտների քանակը` կարելի է նշել, որ մեզ հաջողվել է ասպիրանտների 10 տոկոսին հատկացնել դրամաշնորհ, որը, կարծում եմ,  վատ ցուցանիշ չէ` միաժամանակ աշխատանք տանելով, որ ոչ մի լավագույն աշխատանք չմնա առանց խրախուսանքի: Եվ երրորդ` դրամաշնորհների արժանացած 28 երիտասարդից միայն 11-ն է սովորում առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում, որը մեկ անգամ ևս հերքում է այն գաղափարը, որ գիտությամբ կարելի է զբաղվել միայն առկա ուսուցմամբ ասպիրանտուրայում և լավագույնս ապացուցում, որ գիտական գործունեությամբ կարելի է զբաղվել նաև ուսուցման այլ ձևերում»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ երիտասարդների հաջողությունը պետք է լինի նաև բուհի, հասարակության և պետության հաջողությունը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջերս մի խումբ երիտասարդ գիտնականներ դժգոհել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կապակցությամբ, որի առնչությամբ մոտ ապագայում տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների, ինչպես նաև ԳԱԱ նախագահի մասնակցությամբ հանդիպում`  երիտասարդ գիտնականների հետ: «Այդ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք` ինչ խնդիրներ են հուզում երիտասարդներին և ինչպիսի լուծումներ է առաջարկում կառավարությունը: Վերոնշյալ հանդիպումը կկայանա ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված այն քաղաքականության շրջանակում, որ երկխոսությունն է երկրում առկա խնդիրների հարթման և լուծման լավագույն բանաձևը»,-նշել է նախարարը:
Նշենք, որ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթին մասնակցելու համար ստացվել է 99 հայտ: Գիտական փորձաքննությանան հիման վրա կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը, որի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 28 թեմա: Ընտրված թեմաների կեսը՝  14-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են  ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 1-ը` բժշկական, 1-ը` գյուղատնտեսական, 4-ը՝ հասարակական, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները: Ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 8-ը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ասպիրանտները և երիտասարդ հայցորդները: 8 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, 5-ը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից և 1-ական թեմաներ` Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական, Հայաստանի ազգային ագրարային և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբաական համալսարաններից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։