Նախարարը ներկայացրել է ռեկտորի պաշտոնակատարին
2014-03-18
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /Պոլիտեխնիկում/ հրավիրված ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին: ՀՀ ԿԳ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Ա. Ավետիսյանին՝ աշխատանքի համար: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարին՝ Ա. Աշոտյանը կարևորել է նրա փորձն ու հմտությունը բուհական համակարգի կառավարման ոլորտում և վստահություն հայտնել, որ բուհի անձնակազմի հետ նրա աշխատանքը արդյունավետ կլինի:
«Հայաստանի բուհական համակարգում Պոլիտեխնիկը մշտապես առաջատարների շարքում է եղել և ունի կայուն ավանդույթներ ու մշակույթ, որի անբաժանելի մասն է պոլիտեխնիկցի կոչումը: Ես գիտեմ, որ այդ կոչումը բուհում հպարտությամբ են կրում և պահպանում: Մեր ակնկալիքները պոլիտեխնիկից մեծ են, բուհը, ինչպես տարիներ առաջ, պետք է դառնա տնտեսության առաջատար կադրերի պատրաստման դարբնոցը: Իմ պահանջն է՝ լինել ավելի նպատակային և' ծրագրերի զարգացման, և' նախաձեռոնության գործընթացում: Բուհական համակարգի ամենահզոր ուժը ուսանողությունն է, շատ կարևոր է, որ կրթության զարգացման միասնական քաղաքականությունը ուսանողների կողմից աջակցություն ստանա »,- իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:
Ռեկտորատի անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարը չի բացառել ՀՊՃՀ-ի և ԵՊՃՇՀ-ի վերամիավորման հնարավորությունը՝ նշելով, որ միավորման արդյունքում կստեղծվի ավելի հզոր, զարգացած և մրցունակ բարձրագույն ուսումնական հաստատություն. «Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարանը դատապարտված են լինել միասին: Այն հիմնավոր պատճառները, որոնցով պայմանավորված խորհրդային տարիներին պոլիտեխնիկը բաժանվել է երկու մասի, այսօր այլևս չկան և տարանջատումն արհեստական է»,- նշել է նախարարը և հավելել, որ նախարարությունը պատրաստ է աջակցել բուհի զարգացմանը և բաց է ցանկացած քննարկման համար: