ԵՊԲՀ-ը լավագույնս զուգակցել է կրթական և բժշկական գործընթացները. Ա. Աշոտյան

2014-03-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ շրջել է նոր վերակառուցված բաժանմունքներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Նախարարը, բարձր գնահատելով բուհի իրականացրած աշխատանքները, նշել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանն իրավամբ Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, որը հատուկ շեշտադրում է իրականացնում ուսումնական և բժշկական գործընթացների զուգադրման վրա: 
«Այսօր հնարավոր չէ պատրաստել որակյալ բժիշկ` առանց բժշկական պրակտիկայի: Բժշկական համալսարանի ջանքերով վերանորոգվել են մի քանի բաժանմունքներ, որոնք, բացի բուժականից, ունեն նաև ուսումնական նշանակություն: Այսինքն` բուհը լավագույնս զուգակցել է կրթական և բժշկական գործընթացները:  Համալսարանում ժամանակակից պայմաններ են ստեղծված կրթական և առողջապահական ծառայությունների համար, որը ևս մեկ անգամ ընդգծում է, որ բուհը ճիշտ ուղու վրա է: Բացի այդ, ԵՊԲՀ-ն ոչ միայն խոշոր բուհական հաստատություն է, այլ հանրապետության առաջատար բժշկական հիմնարկներից մեկը, որտեղ աշխատում են լավագույն բժիշկները:  Բացի այդ, այստեղ կարելի է ոչ միայն կրթություն ստանալ,  այլ նաև բուժվել»,-նշել է Ա, Աշոտյանը` ընդգծելով, որ բուհը ծրագրում է հետագայում նոր սարքավորումներ ձեռք բերել` ինչպես համալսարանի միջոցների, այնպես էլ բարերարների, այդ թվում` սփյուռքահայ,  աջակցությամբ:  Նախարարը նաև հավելել է, որ Բժշկական համալսարանն ունի մեծ պոտենցիալ` կտրուկ ավելացնելու օտարերկրյա ուսանողների թիվը: Սակայն վերջինիս համար, ըստ Ա. Աշոտյանի, երբեմն խոչընդոտ է հանդիսանում ժամանակակից հանրակացարանային համալիրի բացակայությունը. ներկայիս համալիրն  արդեն գերհագեցած է: Խնդրի լուծման համար նախարարն առաջարկել է նաև ուսանողական ավանի հիմնման գաղափարը, որը, ըստ Ա. Աշոտյանի, կկարողանա բավարարել ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ուսանողների համար  լավագույն պայմաններ:
Այցից հետո նախարար  Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի պաշտոնանկության խնդիրը` ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրելով անհարկի չշահարկել վերոնշյալ խնդիրը: «ՀՊՃՀ-ի  նախկին ռեկտորը, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ` այս ցանկությունները վերածելու աշխատանքի: Արա Ավետիսյանը մնում է կրթության և գիտության համակարգում. նա ԳԱԱ անդամ է, դասախոսում է ԵՊՀ-ում: Ինչ վերաբերում է բուհում ուսումնասիրւթյունների անցկացմանը, ապա կարծում եմ, որ դրանք ոչ մի գերատեսչության` սկսած նախարարությունից, վնաս չեն տալիս: Եվ, առհասարակ, չկա որևէ հիմնարկ, որտեղ խնդիրներ չլինեն: Հակառակը` կարծում եմ, որ ուսումնասիրությունները թույլ են տալիս բոլոր բուհերին, այդ թվում` Պոլիտեխնիկին, իմանալ իրենց թույլ տեղերը և շտկել բաղթողումները` ապագայում ավելի արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունենալու համար: Ուզում եմ նշել, որ Պոլիտեխնիկը ֆինանսապես կայուն է, և որևէ անհանգստություն ուսանողների և  դասախոսների համար գոյություն չունի: Նշեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ, ուշադիր և կտրուկ քայլերի հերթականության,  որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Համոզված եմ, որ բուհի ներսում առկա  տարաձայնությունները պետք է արագ հարթվեն և չազդեն բուհի հետագա զարգացումների վրա: Բուհը  պետք է վերադարձնի իր երբեմնի ամբողջական փառքը և շքեղությունը` որպես հանրապետության առաջատար բուհերից մեկը: Պոլիտեխնիկն այսօր անցնում է միջազգային հավատարմագրում, իրականացնում բազմաթիվ եվրոպական կրթական ծրագրեր, համագործակցում մասնավոր հատվածի հետ,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մոտ ապագայում գուցե հանրապետության երկու խոշորագույն բուհերը` ՀՊՃՀ-ն և ԵՊՃՇՀ-ն վերամիավորվեն,  ինչպես եղել է նախկինում: «Կարծում եմ` երկու բուհերի հնարավոր վերամիավորումից կունենաք ավելի մեծ, միասնական Պոլիտեխնիկ` իրականացնելով ավելի համակարգված,  միասնական քաղաքականություն»,-նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը պատասխանել է նաև ԵՊԲՀ-ից դուրս մնացած ուսանողների վերաբերյալ լրագրողների հարցին. «Զարմանալի  է, որ ակադեմիական վատ առաջադիմություն ունեցող ուսանողները դժգոհում են, որ դուրս են մնում բուհից: Կարծում եմ, որ ուսանողներն առաջին հերթին պետք է դժգոհեն իրենցից: Ուզում եմ նշել, որ, այո, այս տարի մենք բուհի 93 ուսանողի համար բացառություն չենք արել նախորդ տարվա նման: Նախ,  անցյալ տարի նման ուսանողների քանակն ավելի մեծ էր` շուրջ 200 հոգի: Բացի այդ, բացառությունը կարող է  բուհի ֆինանսական կայունության համար որոշակի խնդիրներ ստեղծել: Բայց, ամենակարևորը. ԵՊԲՀ-ն  այս տարի իջեցրել է իր քննական շեմը շուրջ 10 միավորով` ընդառաջելով ուսանողներին: Արդեն նվազեցված շեմով քննություն հանձնած և ուսումնական գործընթացը չհաղթահարած ուսանողին մենք չենք կարող ընդառաջել. բժիշկը պետք է լավ սովորի: Անկախ ընթացիկ խնդիրներից` ուսանողի թիվ մեկ և սրբազան պարտականությունն է ` սովորել: Եթե ուսանողը մի քանի անգամ չի ստանում քննությունը, առաջին հերթին մեղավորն ինքն է: Պարբերար ակնկալել նախարարից ընդառաջում, համարում եմ բուհում ուսանող պահելու  անիմաստ և ինքնանպատակ քաղաքականություն: Ասեմ ավելին` տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար իրավիճակն ավելի կտրուկ է.  գործող օրենսդրությունը պարտադրում է, որ սահմանված քննաշրջանի շրջանակներում քննությունը  չհանձնած արական սեռի անձանց տվյալներն ուղարկենք զինկոմիսարիատներ»,-նշել է նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։