Քաղաքացիական և ռազմական բուհերի համագործակցության նոր որակ

2014-03-11

ՀՀ կրթությոն և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է միջբուհական լայն համագործակցություն քաղաքացիական և ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: ՀՀ պաշտպանության նախարարությունում այդ առիթով հրավիրվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են պետական բուհերի ռեկտորներ, ԿԳՆ և  ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում ընդգծել է, որ պաշտպանության և կրթության նախարարությունների միջև համագործակցության մեծ փորձ է  կուտակվել, միաժամանակ քաղաքացիական կրթության ոլորտում ձեռքբերված արդյունքները ռազմական կրթության և զինված ուժերի ոլորտում կիրառելու նոր հնարավորություններ են ստեղծում: «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները վերջին տարիներին՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցությամբ պայմանավորված առաջընթաց և ձեռբերումներ են գրանցել՝  միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու  շնորհիվ: Քաղաքացիական համակարգում գործող պետական բուհերը պատրաստ են լայն համագործակցության  զինված ուժերի հետ՝ մասնավորապես իրենց գիտելիքները, մասնագիտական հմտություններն ու գիտական պոտենցիալը փոխանցելու բանակին և ծառայեցնելու  մեր երկրի հզորությանն ու անվտանգությանը: Հուշագիրը թույլ կտա  միասնական կրթական համակարգ ձևավորելու քաղաքականությունը դարձնել շարունակական՝ ներառելով նաև ռազմական կրթության ոլորտը: Պետության համար գերակա խնդիր է պրոֆեսիոնալ և բանիմաց կադրերի պատրաստումը, ինչպես քաղաքացիական, այնպես էլ  ռազմական կրթության ոլորտում: Համագործակցության հուշագիրը նպատակ ունի ռազմական և քաղաքացիական կրթության համակարգի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ համագործակցությունը նախ շահեկան է լինելու ռազմական կրթական հաստատություններում սովորող կուրսանտների համար, ովքեր հնարավորություն կստանան ուսումնական ծրագրով նախատեսված որոշ դասընթացներ ստանալ քաղաքացիական բուհերում՝ տեղացի և օտարերկրյա լավագույն մասնագետների ներգրավմամբ:  
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում հատուկ շեշտել է, որ բանիմաց և բարձր որակավորում ունեցող մասնագիտական ներուժը բանակի համար կարևոր խնդիր է. Õ™Բանակն ու զինված ուժերը միշտ էլ օգտվել են կրթական համակարգի մասնագիտական ներուժից: Ռազմակրթական համակարգը նույնպես վերջին տարիներին կայացման և փոփոխությունների կարևոր փուլ է անցել: Միջազգային ռազմական համագործակցության ընթացում մենք միշտ կարողացել ենք մրցունակ լինել՝ ապահովելով օրինակելի ցուցանիշներ: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նաև քաղաքացիական բուհերի հետ արդյունավետ համագործակցությամբ, սակայն այսօր առաջ է եկել այդ համագործակցությանը նոր որակ և  ընթացք տալու  անհրաժեշտությունՊ,- նշել է Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցության ներկա բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկները՝ պաշտպանության ոլորտի հետ համատեղ  կրթական ծրագեր իրականացնելու վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել  է Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությունը, նշվել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարող է աջակցել զինված ուժերի համակարգին՝ պատրաստելով ռազմական թարգմանիչներ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։