Կրկնակի դիպլոմները հնարավորության կտան ԼՂՀ շրջանավարտներին կրթությունը շարունակել արտերկրում

2014-03-04

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան 30 անվճարտեղեր հատկացնելով
ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերում ընդգրկված և ԼՂՀ բուհերի շրջանավարտների համար, ինչպես նաև կհատկացվեն տարեկան 5 ասպիրանտական անվճար տեղեր: Հանրակրթության ոլորտում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի դասագրքերի, մեթոդական և մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ: Բացի այդ, կողմերը միջոցներ կձեռնարկեն ՀՀ-ում կազմակերպվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադայի, ինտելեկտուալ խաղերի և տարբեր մրցույթների հանրապետական եզրափակիչ փուլերին ԼՂՀ թիմերի մասնակությունն ապահովելու և հաղթողներին հապապատասխան միջազգային մրցույթների թիմերի կազմում ընդգրկելու ուղղությամբ:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կողմերը, մասնավորապես, կապահովեն ՀՀ ԳԱԱ և Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնի արդյունավետ գործունեությունը` Արցախի տնտեսության զարգացմանն անհրաժեշտ գիտատեխնիկական հետազոտությունների, հումանիտար և բնագիտական գիտությունների գծով գիտական ուսումնասիրությունների և ըստ ոլորտների գիտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ: Կողմերը կապահովվեն նաև ԼՂՀ մասնագիտական կրթության ինտեգրումը ՀՀ մասնագիտական կրթությանը` հետևողակն աշխատանքներ իրականացնելով Բոլոնյան կրթական գործընթացին ընդգրկման ուղղությամբ, ինչպես նաև  ԼՂՀ և ՀՀ բուհերի միջև համաձայնագրերի կնքման արդյունքում ըստ անհրաժեշտության կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով ԼՂՀ բուհերի շրջանավարտների ուսումն արտերկրի բուհերում շարունակելու հնարավորության ընձեռումը` հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։