Համակարգչային դասարան թիվ 105 ավագ դպրոցում

2014-03-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 105 ավագ դպրոցում մասնակցել է ժամանակակից համակարգչային (նոթբուքային) դասարանի բացմանը: Այդ առիթով շնորհավորելով դպրոցի սաներին և ուսուցիչներին՝ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է համարվում կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության ժամանակակից միջավայրի ապահովումը մեր առաջնահերթ խնդիրներից է: Ժամանակակից կրթական միջավայրն անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման:
Այսպիսի համակարգչային դասաարաններ, որոնք համալրված են ժամանակակից շարժական նոթբուքերով, լինելու են Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում: Սա ապահովում է ներքին միասնական ցանց, միաժամանակ ուսուցիչը, այսպես կոչված խելացի տախտակների՝ սմարթֆոնների վրա հնարավորություն ունի հետևելու սովորողների առաջադիմությանը, առաջադրանքների կատարման տեմպին և ամփոփելու աշխատանքը: Այսպիսի համակարգչային համակազմը հնարավորություն է տալիս ինտերակտիվ դարձնել ուսումնական գործընթացը: Շատ կարևոր է, որ համակարգչային լսարանը դպրոցում ակտիվ և նպատակային օգտագործվի, համակարգիչները չդիտվեն իբրև «կահույք»: Համակարգիչները պետք է կիրառվեն ոչ միայն առիթից առիթ և միայն ինֆորմատիկայի դասաժամերին, այլև բոլոր դասերի ժամանակ»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ներկայումս Հայաստանի դպրոցներում ապահովված է համակարգչային հագեցվածության աննախադեպ ցուցանիշ:
Ա. Աշոտյանի խոսքով, եթե 2006 թվականին ՀՀ դպրոցներում 1 համակարգչին բաժին էր ընկնում 350 աշակերտ, ապա այսօրվա վիճկագրությամբ՝ 1 համակարգչին բաժին է ընկնում 18 աշակերտ, որը շատ մոտ է եվրոպական միության երկրների միջինացված ցուցանիշներին:«Փաստացի Հայաստանի դպրոցներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ենթակառուցվածքների ապահովման փուլն ավարտված է, սակայն դա չի նշանակում, թե այդ ուղղությամբ մենք այլևս անելիք չունենք: Համակարգչային տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում ու հնանանում, որ մշտական համալրման անհրաժեշտությունը համարյա ամեն տարի կա: Մեր հաջոդ խնդիրը հայալեզու կրթական բովանդակության ստեղծումն է: Մենք ծրագրում ենք բոլոր հիմնական առարկաների համար ստեղծել հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր, ավելին՝ ուզում ենք հայերենով վիրտուալ կրթական լաբորատորիաներ ստեղծել՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների համար»,- նշել է Ա. Աշոտյանը՝ ընդգծելով, որ հայալեզու էլեկտրոնային կրթական բովանդակությունը առաջիկայում եռապատկվելու է:
Նորաբաց համակարգչային դասարանում նախարար Ա.Աշոտյանը դիտել է ինտերակտիվ մեթոդով թեստային առաջադրանքների ստուգման գործընթացը, զրուցել է ավարտական դասարանների աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բուհական ընդունելության քննություններին, շտեմարաններին և ավագ դպրոցների ծրագրերին:
Ավագ դպրոցներին համակարգչային (նոթբուքային) դասարաններով ապահովելու ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրով ՀՀ 105 ավագ դպրոցներին շուրջ 2200 համակարգիչ է մատակարարվել:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։