«ՄԵԿ ԴԱՐ և ԱՎԵԼԻ…» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
2014-02-27
5-րդ մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: 20-րդ դարասկզբի այս իրադարձությունը անջնջելի հետք է թողել հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա: Ամբողջ անցած դարը եղել է ի հակառակ կատարվածի ժողովրդի վերապրելու, կայանալու, զարգանալու պատմությունը թե' Հայաստանում և թե' Սփյուռքում: Ժողովուրդը երկնել է, ստեղծագործել, պայքարել և ունեցել զարմանահրաշ թռիչքներ քաղաքականության, արվեստի, սպորտի, գիտության մեջ:
Մասնակիցներից ակնկալվում է իմաստավորել անցած մեկ դարվա ուղին և պատկերել իրենց սպասումները ապագայից: Հնարավոր է անդրադարձ Հայոց ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին և նրանց ստեղծագործություններին, գաղութների, մշակույթի և քաղաքական, մասնավորապես Հայ Դատի, պատմությանը, ինչպես նաև ապագայի մասին պատկերացումներին:
Խրախուսելի չեն ցեղասպանության դաժանության, ողբի կամ միայն կորուստների պատկերները:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ ու անհատներ:
Մասնակիցները պետք է դիմեն nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև ս./թ. հունիսի 8-ը ներառյալ:
Հաշվի առնելով թեմայի կարևորությունը և նրա ընկերաբանական բնույթը` մրցույթին պետք է ներկայացվեն միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ աշխատած խմբակային աշխատանք), որոնք նպաստում են մեկ կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
Նախագիծն ենթադրում է գաղափարապես ընդունելի աշխատանքների մի շարք, որի կատարման հիմքում ընկած կլինի մանուկների անսահման երևակայությունը և ուսուցչի կողմից թեմայի խոր ըմբռնումը:
Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած ոճով (գեղանկարչություն, խեցեգործություն, կարպետագործություն և այլն), ցանկացած նկարչական նյութի օգնությամբ (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Նկարների դեպքում նախագծում ընդգրկված աշխատանքները պետք է լինեն միևնույն չափի, իսկ քանակը պետք է չգերազանցի 10-ը:
Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի պատկերագրքում:
Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի ալբոմ: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ:
Համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ, որոնց ցանկը և ժամանակացույցը կներկայացվի ընթացքում:
Մրցույթ-փառատոնին մասնակցող դպրոցների մանկավարժների համար Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական www.nca.am կայքում, Youtube-ում և ՀՀ կրթության և գիտության նախարարության էլեկտրոնային գրադարանի www.spyurq.dasagirq.am կայքում ապրիլ ամսին կտեղադրվի մեթոդական խորհրդատվության տեսագրություն:
Հաշվի առնելով այն, որ այս տարի մրցույթ-փառատոնը տոնում է իր 5-ամյակը` դիմում ենք մեր բոլոր գործընկերներին՝ իրենց գնահատականներն ու մաղթանքներն ուղարկելու խնդրանքով: Նրանցից մի քանիսը կտեղադրվեն պատկերագրքում:
Սույն հայտարարությանը կցվում է մրցույթ-փառատոնի նկարագրությունը:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91
ֆաքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. spyurq@yahoo.com
Կայքէջ. www.edu.am, www.armedu.am
Էջ Facebook-ում. «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»
Գեղագիտության ազգային կենտրոն.
հեռ. +374 10 58-75-60
Էլ.փոստ. nkarchakan@gmail.com
Կայքէջ. www.nca.am
Էջ Facebook-ում. «National Center of Aesthetics»