Մեկնարկել է վարկանիշավորման համակարգի վերաբերյալ քննարկումների շարքը

2014-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանության վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են նախարարության, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի, ԿՏԱԿ-ի, «Դպրոց-կենտրոնների» իրավաբանական միության ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշել է, որ վարկանիշավորման փորձնական փուլի արդյունքները չեն կարող համարվել վերջնական, և այս տարի կվերանայվեն մեթոդաբանությունը, չափանիշները, դպրոցների խմբավորումը, որից հետո միայն կիրականացվի վարկանիշավորման հիմնական փուլը: «Դպրոց-կենտրոններ» իրավաբանական միության նախագահ, Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը,  կարևորելով փաստաթուղթը, նշել է, որ 2009 թվականին, երբ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքում արտաքին գնահատման կարգն էր հաստատվում, այն տանում էր դեպի վարկանիշավորում: Քննարկման ընթացքում դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները` վարկանիշավորման համակարգի վերաբերյալ, որի շուրջ պարզաբանումներով է հանդես եկել ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: Վերջինիս խոսքով` ԿՏԱԿ-ը ողջ տարվա ընթացքում համակարգելու է վերոնշյալ աշխատանքը, սակայն արդեն բացահայտվել են մի շարք խնդիրներ: Նա համոզված է, որ պետք է տարանջատել հարցաթերթերը՝ միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցների համար, որպեսզի տնօրենները հստակորեն կարողանան լրացնել դրանք: Բացի այդ, ըստ Ա. Պողոսյանի` որոշ ցուցանիշներ ուղղակի չեն աշխատում: «Ցանկացած ցուցանիշ պետք է չափելի լինի, դա է վարկանիշավորման հիմքում ընկած. հուզական չափանիշները չափելի չեն»,-նշել է ԿՏԱԿ-ի տնօրենը` ընդգծելով, որ վարկանիշավորման նպատակն է` օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա ստանալ վարկանիշային ցանկ, որտեղ դպրոցները, տեսնելով իրենց թույլ կողմերը, կուժեղացնեն դրանք: Ամփոփելով քննարկումը` նախարարի տեղակալ Կ.  Հարությունյանը շնորհակալություն է հայտնել` բուռն և արդյունավետ քննարկման համար` խնդրելով բոլոր մասնակիցներին` վարկանիշավորման համակարգի վերաբերյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել գրավոր տեսքով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։