Բարձր է գնահատվել Բոլոնիայի քարտուղարության կատարած աշխատանքները
2014-02-20
Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրոպական կրթական տարածքի մարտահրավերների մասին: Այդ համատեքստում ընդգծվել է երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, կարևորվել է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերի, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ գիտակրթական ծրագրերին երկու երկրների բուհերի համատեղ մասնակցությունը:
Հանդիպման ժամանակ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաև Հայաստանի եզակի փորձը՝ տարրական դպրոցի պարտադիր կրթական ծրագրերում «Շախմատ» առարկայի ներառման վերաբերյալ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շեշտվել է, որ Հայաստանը և Նիդերլանդները ոչ միայն շախմատային ավանդույթներ և հզոր պոտենցիալ ունեցող, այլև կրթական համակարգի զարգացմանը միտված նորարարական կրթական ծրագրեր իրականացնող երկրներ են:
Հանդիպման ավարտին նախարար Ա. Աշոտյանը Յեթ Բուսեմակերի ուշադրությունը հրավիրել է Նիդերլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրների վրա՝ մասնավորապես, մայրենի լեզվի ուսուցման հետ կապված:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
ՀՀ պատվիրակությունն այսօր կայցելի նաև աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան: