Աշակերտները գիրք նվիրեցին ԿԳՆ պաշտոնյաներին
2014-02-19
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարություն էին այցելել Երևանի հանրակրթական հաստատությունների մի խումբ դպրոցականներ: Աշակերտները նախարարության պաշտոնյաներին են նվիրել գրքեր, իսկ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի համար նախատեսված գիրքը դպրոցականները փոխանցել են աշխատակազմին: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը նույնպես իրենց հերթին դպրոցականներին գրքեր են նվիրել: Մ. Մկրտչյանը դպրոցականներին նվիրել է իր հեղինակած գիրքը և մաղթել, որ նրանք շատ ժամանակ հատկացնեն ընթերցանությանն ու գրքին:
«Այն ժամանակ, երբ ես էի դպրոցական, գիրքը շատ կարևոր նշանակություն ուներ, գիրք կարդացող մարդը հարգանքի էր արժանի: Հիմա չնայած ժամանակները փոխվել են, բայց ես վստահ եմ, որ գիրքը միշտ ունի իր արժեքը: Ես վստահ եմ, որ դուք գիրքը սիրում և գնահատում եք»,- դիմելով դպրոցականներին՝ ասել է Մ. Մկրտչյանը:
Գիրք նվիրելու նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանն է եղել: Աշակերտները գրքեր են նվիրել նաև պետական այլ գերատեսչություններում և Երևանի քաղաքապետարանում: