95 ուսանող արժանացել է կրթաթոշակի

2014-02-14

Այսօր կայացել է Beeline Scholarship ծրագրի արդյունքների ամփոփման  և կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «ԱրմենԹել» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մերուժան Միքայելյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով ուսանողներին, նշել է, որ վերոնշյալ ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում անձամբ գումար վաստակել, որը նրանց մտավոր գործունեության արգասիքն է:
«Դուք շատ ջանք եք ներդրել, որ հասնեք այսօրվա հաջողությանը: Ծրագրի յուրահատկությունը կայանում է նրանում,  որ դուք ձեր կրեատիվությամբ, ձեր մտավոր աշխատանքով վայելելու եք սեփական գիտելիքով գումար վաստակելու և  ձեր առաջադիմությամբ բարեկեցիկ ապրելու հնարավորությունը, ինչպես նաև ձեր ջանքերը ներդնելու` երկրի զարգացման գործում: Ուզում եմ շեշտել, որ «ԱրմենԹել»-ն այն բացառիկ ընկերություններից է, որը  նմանատիպ մշակույթ է սերմանում, իսկ Բրիտանական խորդուրդը միշտ առանձնացել է իր անաչառ  և միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությամբ»,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ վերոնշյալ նախաձեռնությունը կդառնա շարունակական: Ուսանողներին ողջունել են նաև միջոցառման մյուս հյուրերը, որից հետո կայացել է վիճակահանություն` կրթաթոշակին արժանացած ուսանողների միջև: Արդյունքում ուսանողուհի Աննա Թովմասյանը հնարավորություն է ստացել մեկնել Միացյալ Թագավորություն` ամառային դասընթացների:
Նշենք, որ ծրագիրն իրականացրել է Բրիտանական խորհուրդը և «ԱրմենԹել» ՓԲԸ-ն` ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար ՀՀ պետական բուհերի ուսանողները ներկայացրել են ծրագիր-առաջարկներ` նշելով, թե ինչ փոփոխություններ են նախապատրաստվում իրականացել իրենց ոլորտում: Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 568 ուսանող, որոնցից 95-ն «ԱրմենԹել» ընկերության կողմից ստացել է կրթաթոշակ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։