Ուսանողների կարծիքները՝ կրթական քաղաքականության մշակման հիմքում
2014-02-14
Ներկայացված գնահատականներից ԿԳ նախարարը դրական ցուցիչ է համարել այն, որ շատ ուսանողներ մագիստրատուրայում ուսանելը դիտել են կարևոր հանգամանք և այն գնահատել բակալավրիատից տարբերվող կրթական ծրագիր. «Մի քանի տարի առաջ կար ընկալում, թե մագիստրատուրան ավելորդ է: Շատ կարևոր եմ համարում նաև ուսանողների պատրաստակամությունը ներգրավվելու բուհի կառավարմանը, հատկապես բուհական բյուջեի ծախսերի թափանցիկությունն ապահավելու հարցում: Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը, որը փաստվել է մի քանի այլ հետազոտություններով նույնպես: Փորձը ցույց է տալիս., որ մեր ուսանողները օտար լեզու սովորելու պահանջին լուրջ ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա կիրառական նշանակություն է ունենում իրենց համար: Օրինակ. երբ գալիս է թեզի պաշտպանության պահը կամ միջազգային որևէ ծրագրի մասնակցելու ցանկություն են ունենում, սկսում են շատ արագ բարելավել լեզվի իմացության մակարդակը: Ներկայացված արդյունքները գոհացուցիչ եմ համարում հատկապես այն, որ բուհերում շատ վիճահարույց և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ռոտացիոն համակարգը, որը ապահովում է ուսանողների տեղափոխությունը վճարովիից անվճար և հակառակ ուղղությամբ, բավական բարձր դրական գնահատականի է արժանացել՝ 80 տոկոսից ավելին համակարգն արդյունավետ է գնահատել: Իհարկե, կան նաև խնդիրներ, բայց սա վկայում է, որ համակարգի ներդնումն արդարացված է»,- նշել է նախարարը:
Հետազոտությունն իրականացվել է 2013թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՆ պատվերով՝ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից: Ներկայացնելով արդյունքները՝ կենտրոնի վերլուծաբան Ս. Մանուկյանը նշել է, որ հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող 1202 ուսանողներ, ովքեր փաստել են, որ բոլոնյան գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է:
Բոլոնիայի գործընթացում ընդգրկվածության կարևոր նախապայման է դիտվել օտար լեզվի իմացությունը, կրեդիտային համակարգի ներդնումը, ինչպես նաև ռոտացիոն համակարգի արդյունավետությունն ու ուսանողական շարժունությունը:
Հետազոտության արդյունքնեով՝ բակալավրիատի ուսանողների 58.6%-ը և մագիստրատուրայի` 78.7%-ը ռուսաց լեզվի իրենց իմացությունը գնահատում են «լավ» կամ «գերազանց», իսկ անգլերենի դեպքում դա համապատասխանաբար` 36.6% և 50.9% է:
Ռուսերենի և անգլերենի իմացությունը կտրուկ աճում է մագիստրատուրայի ավարտական կուրսում, երբ ուսանողները թեզի պատրաստման ընթացքում ինտենսիվ օգտվում են օտարալեզու գրականությունից:
Բակալավրիատի ուսանողների 30.1%-ը, իսկ մագիստրատուրայի` 52.6%-ը, համարում են, որ իրենք լավատեղյակ կամ բավարար տեղյակ են Բոլոնիայի գործընթացից, իսկ կրեդիտային համակարգից տեղեկացվածությունը գնահատում են համապատասխանաբար` 73.4% և 82.6%-ը:
Բակալավրիատի ուսանողների 69.0%-ը տեղյակ են, թե ինչ առարկաներ են ուսանելու հաջորդ կիսամյակում, իսկ 57.9%-ը` ուսման ամբողջ ընթացքում: Մագիստրատուրայում այդ ուսանողների քանակը համապատասխանաբար` 59.1% և 55.1% է: Այդ ուսանողները սկզբունքորեն ունակ են մասնակցել իրենց անհատական ուսուցողական ծրագրերի կազմավորմանը, որը Բոլոնիայի գործընթացի բաղադրիչ է:
Մագիստրատուրայի ուսանողների 56.2%-ը համարում է, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, 75.3%-ը համարում է, որ դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ 45.5%-ը համարում է, որ մագիստրատուրայի դիպլոմով աշխատանք գտնելն ավելի հեշտ է:
Ինչ վերաբերում է ռոտացիոն համակարգին. համալսարաններում անվճար համակարգից վճարովի և հակառակ ուղղությամբ անցում են կատարել ուսանողների 18.0%-ը: Ուսանողների 84.6%-ը համարում է, որ վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքը «լիովին արդարացի է» կամ «ավելի շուտ արդարացի է»:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների միջազգային փոխանակմանը մասնակ¬ցել ցանկացող ուսանողների 55.1%-ի կարծիքով՝ դրան խոչընդոտում են ֆինանսական դժվարությունները, 31.1%-ի կարծիքով` արտասահմանում ուսման մասին տեղեկությունների պակասը Հայաստանում, 25.6%-ի կարծիքով` անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման և լրացման դժվարությունները, 23.1%-ի՝ կարծիքով ընթացակարգերի երկար տևողությունը, 21.1%-ի կարծիքով` իրենց նախընտրած դասընթացների բացակայությունը:
Նշվում է նաև, որ բուհական համակարգում անխուսափելի են վարձավճարների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված կոնֆլիկտները, քանի որ մոտակա 10 տարիների ընթացքում նվազելու է բուհական տարիքի երիտասարդների քանակը, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի քանակը չի կրճատվում և առկա է ինֆլյացիա: Այդ կոնֆլիկտները կոնստրուկտիվ հունով կարգավորելու համար առաջարկվում է թափանցիկ և ընկալելի դարձնել բուհերի բյուջեները: Այդ դրույթի հետ համաձայն են ուսանողների 47.2%-ը, հատկապես նրանք, ում համար դժվար է ուսման վարձի վճարումը: