Հայաստանի պետական բուհերի ուսանողության Բոլոնիայի գործընթացին մասնակցության ուսումնասիրություն
2014-02-14
Հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողները: Ընտրանքի ծավալը` 1,202 ուսանող:
Հիմնական արդյունքներ
1.Բոլոնիայի գործընթացում ընդգրկվածության կարևոր նախապայման է օտար լեզվի իմացությունը: Բակալավրիատի ուսանողների 58.6%-ը և մագիստրատուրայի` 78.7%-ը ռուսաց լեզվի իրենց իմացությունը գնահատում են «լավ» կամ «գերազանց», իսկ անգլերենի իմացությունը համապատասխանաբար` 36.6% և 50.9%-ը: Պետական համալսարաններում օտար լեզվի դասավանդումն ունի կատարելագործման կարիք: Եթե ռուսերենի դասավադումն արդյունավետ է բակալավրիատի առաջին կուրսում, ապա անգլերենի դասավանդումն առաջին և երկրորդ կուրսերում արդյունք չի տալիս: Ռուսերենի և անգլերենի իմացությունը կտրուկ աճում է մագիստրատուրայի ավարտական կուրսում, երբ ուսանողները թեզի պատրաստման ընթացքում ինտենսիվ օգտվում են օտարալեզու գրականությունից:
2.Բակալավրիատի ուսանողների 30.1%-ը, իսկ մագիստրատուրայի` 52.6%-ը, համարում են, որ իրենք լավատեղյակ կամ բավարար տեղյակ են Բոլոնիայի գործընթացից, իսկ կրեդիտային համակարգից տեղեկացվածությունը գնահատում են համապատասխանաբար` 73.4% և 82.6%-ը:
3.Բակալավրիատի ուսանողների 69.0%-ը տեղյակ են, թե ինչ առարկաներ են ուսանելու հաջորդ կիսամյակում, իսկ 57.9%-ը` ուսման ամբողջ ընթացքում: Մագիստրատուրայում այդ ուսանողների քանակը համապատասխանաբար` 59.1% և 55.1% է: Այդ ուսանողները սկզբունքորեն ունակ են մասնակցել իրենց անհատական ուսուցողական ծրագրերի կազմավորմանը, որը Բոլոնիայի գործընթացի բաղադրիչ է:
5.Մագիստրատուրայի ուսանողների 56.2%-ը համարում է, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, 75.3%-ը համարում է, որ դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ 45.5%-ը համարում է, որ մագիստրատուրայի դիպլոմով աշխատանք գտնելն ավելի հեշտ է:
6.Համալսարաններում անվճար համակարգից վճարովի և հակառակ ուղղությամբ անցում են կատարել ուսանողների 18.0%-ը: Ուսանողների 84.6%-ը համարում է, որ վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքը «լիովին արդարացի է» կամ «ավելի շուտ արդարացի է»:
7.Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների միջազգային փոխանակմանը մասնակ¬ցել ցանկացող ուսանողների 55.1%-ի կարծիքով՝ դրան խոչընդոտում են ֆինանսական դժվարությունները, 31.1%-ի կարծիքով` արտա-սահ¬մանում ուսման մասին տեղեկությունների պակասը Հայաստանում, 25.6%-ի կարծիքով` անհրաժեշտ փաստաթղթերի հավաք¬ման և լրացման դժվարությունները, 23.1%-ի՝ կարծիքով ընթացակարգերի երկար տևողությունը, 21.1%-ի կարծիքով` իրենց նախընտրած դասընթացների բացակայությունը:
8.Բոլոնիայի գործընթացի ուսանողական շարժունության բաղադրիչին առավելապես ցանկա¬նում են մասնակցել այն ուսանողները, ում ունակություններն արտահայտվել են վաղ հասակից և ունեն ավելի կատարյալ դպրոցական գիտելիքներ (ընդունվել են անվճար ուսուցման համակարգ), հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ (մասնակցում են Ուսանողական գիտական ընկերությունների աշխատանքներին), ունակ են գիտելիքներ ձեռք բերել օտարալեզու գրականությունից (լավ և գերազանց տիրապետում են անգլերենին և ռուսերենին), ունեն մասնագիտական բարձր մոտիվացիա (ում համար արժեք է ներկայացնում իր մասնագիտությամբ աշխատելը):
9.Բուհական համակարգում անխուսափելի են վարձավճարների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված կոնֆլիկտները, քանի որ մոտակա 10 տարիների ընթացքում նվազելու է բուհական տարիքի երիտասարդների քանակը, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի քանակը չի կրճատվում և առկա է ինֆլյացիա: Այդ կոնֆլիկտները կոնստրուկտիվ հունով կարգավորելու համար առաջարկվում է թափանցիկ և ընկալելի դարձնել բուհի բյուջեն: Այդ դրույթի հետ համաձայն են ուսանողների 47.2%-ը, հատկապես նրանք, ում համար դժվար է ուսման վարձի վճարումը: