Հանրային նշանակության հարցեր` ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում
2014-02-10
Տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրկված էր երկու հարց` «Գիտական կազմակերպությունների բազային ֆինասնավորման սկզբունքները, մեթոդաբանությունը և չափորոշիչները» և «ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության 2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում»: Բացելով նիստը` նախարարն ընդգծել է, որ այս տարի կոլեգիան ավելի արդյունավետ գործունեություն է ծավալելու` քննարկելով հանրային նշանակության մի շարք խնդիրներ:
Անդրադառնալով առաջին հարցին` Արմեն Աշոտյանը նշել է, որ փաստաթուղթը ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմը մշակել է ՀՀ վարչապետի հանձնարարականով, որի կապակցությամբ մի շարք աշխատանքներ արդեն կատարվել են: «Թեման արդիական է` և’ բովանդակային, և’ կառավարչական իմաստով: Կարևորելով վերոնշյալ հարցը` գիտության հետագա զարգացման և ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների տեսանկյունից, ակնկալում եմ բուռն քննարկում»,-նշել է Ա. Աշոտյանը: Հիմնական զեկուցող` Գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանն իր ելույթում նշել է, որ թեման, իրոք, խիստ արդիական է. մի շարք երկրներում բազային ֆինանսավարումը կատարվում է համապատասխան վարկանիշներով: Ս. Հարությունյանը ներկայացրել է փաստաթղթի իրավական հիմքերը, բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները, մասնավորապես, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի/նախագծերի իրականացման, ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի իրականացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և գիտական կադրերի պատրաստման ծրագրերի դեպքերում: Գիտպետկոմի նախագահը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման մեթոդաբանությունը, որը սահմանում է գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները և դրանց հաշվարկման կարգը` ընդգծելով գիտական հետազոտությունների արդյունավետությունը /1 գիտական աշխատողի հաշվարկով` նախորդ 5 տարիների կտրվածքով/, կադրային ներուժը, նյութատեխնիկական ապահովվածությունը, միջազգային գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, հանրապետական գիտակրթական տարածքի հետ ինտեգրման մակարդակը, գիտական արդյունքի առևտրայնացման մակարդակը, ֆինանսական գործունեության արդյունավետությունը: Զեկույցի վերջում Ս. Հարությունյանը ներկայացրել է նաև բազային ֆինանսավորման չափորոշիչները և ԳԱՑ-ի գնահատման հիման վրա գիտական կազմակերպությունների ընդգրկման կատեգորիաները: Զեկույցի ավարտին բանախոսը պատասխանել է կոլեգիայի անդամների հարցերին: Օրինակ, նախարարին հետաքրքրում էր գիտության ոլորտում մեթոդաբանության մշակման խնդիրը, մասնավորապես, թե վարկանիշավորումն ինչպիսի ֆինանսական ազդեցություն է ունենալու գիտական հիմնարկների վրա` կարևորելով վստահությունը մեթոդաբանության հանդեպ և վարկանիշավորումը հանրային կառույցի պատվիրակելու պատրաստակամությունը: ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը ներկայացրել են փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Կոլեգիայի նիստի երկրորդ` «ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության 2013 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփում» հարցը ներկայացրել է տեսչության պետ Ա. Կարապետյանը: Նա, մասնավորապես, ներկայացրել է Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերի ավագ դպրոցների, ինչպես նաև ՀՀ 146 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծությունը: Աժ պատգամավոր Ռ. Մուրադյանն իր դիտարկումներն է ներկայացրել հաշվետվության վերաբերյալ` ընդգծելով, որ անհրաժեշտ է «կրթության որակին» տալ իրավական սահմանում: Բացի այդ, նա անդրադարձել է նաև մանկավարժների համակարգչային հմտությունների խնդրին: Կոլեգիայի անդամներին հետաքրքրել է նաև մանկավաժական ստաժի և աշխատանքի արդյունավետության հարաբերակցության, մեթոդաբանության, տարակարգ ունեցող ուսուցիչների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը նշել է, որ 2011 թվականից ի վեր, ինչ ԿՏՊ-ն իրականացնում է ուսումնասիրություններ դպրոցներում, տարիների ընթացքում կուտակված մի շարք խախտումներ, մասնավորապես, վեց տարեկան երեխաների ընդունում, անօրինական փոխադրումներ, ռուսական դասարաններում անօրինական պահում, ընդհանրապես վերացել են: Ծավալվել է բուռն քննարկում` ներկայացված կրթական գործունեության ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մեթոդաբանության շուրջ: Նախարար Ա. Աշոտյանը, ամփոփելով քննարկումները, նշել է, որ ԿՏՊ-ն նման լայնածավալ ուսումնասիրություն կատարում է առաջին անգամ, ուստի բնական էր` կոլեգիայի նիստին նման բուռն քննարկումը:
Նիստի ավարտին կոլեգիան կայացրել է համապատասխան որոշում: