ԵԽ-ում ՀՀ նախագահությունը գնահատվել է արդյունավետ
2014-02-07
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում:
Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների` Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովի կապակցությամբ` ընդգծելով, որ համաժողովը շատ օգտակար է եղել, մասնավորապես, նախարարների միջև կապերի ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկունից: ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ երկու կողմերի համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում` կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Վերջինս հատուկ ընդգծել է, որ Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահությունն անցել է շատ արդյունավետ և հաջող, այդ թվում նաև կրթության ոլորտում: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես, շեշտադրվել են բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հակակոռուպցիոն ծրագրի, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին և երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված ծրագրերը:
Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին` Արմեն Աշոտյանը նշել է, որ ոչ մի երկրի, այդ թվում նաև ԵՄ անդամ, ամբողջությամբ չի հաջողվել արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նախարարի, պահանջում է երկար և հետևողական պայքար, ինչպես նաև, առաջին հերթին, մտածողության փոփոխություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական և հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: